Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք եկան և պետք է բարելավեին քաղաքացու սոցիալական վիճակը. մենք չենք ասում, իրենք էին ասում. «Փաստ»

Հոկտեմբեր 07,2021 12:07
toshak

2018 թվականին իշխանության եկած մարդիկ երկրում իշխանափոխություն կարողացան իրականացնել՝ առաջին հերթին խաղալով մարդկանց հոգու նուրբ լարերի հետ, այսինքն՝ օգտագործեցին սոցիալական վիճակի բարելավման խաղաքարտը: «Թալանչի նախկիններ, փայ մտնողներ, դղյակներ կառուցողներ և այլն, և այլն»: Նրանք եկան և պետք է բարելավեին քաղաքացու սոցիալական վիճակը. մենք չենք ասում, իրենք էին ասում, մեր մտքով անգամ նման բան չէր անցնի: Անգամ 2018 թվականի նախընտրական ծրագրում, ի թիվս այլ հարցերի, նշել են, որ մեր երկիրը պետք է ունենա «սոցիալական պաշտպանության կայուն համակարգ՝ ծնելիության բարձրացում, գործազրկության և աղքատության նվազեցում»:

Այս ողջ ընթացքում թոշակները բարձրացել են 3000 դրամով: Իսկ վերջերս տեղեկացանք դարի նորության մասին՝ «2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը»… ուշադրություն՝ ամբողջ 2100 դրամի չափով:

Հիմա մի տեսակ անհանգիստ եմ ու մտամոլոր՝ ինչպե՞ս են թոշակառուները և նպաստառուները ծախսելու այդ երկու հազար դրամները: Ո՞վ գիտի, արդեն նստել, պլանավորում են, թե այդ գումարը խնայելու դեպքում ուր կարող են մեկնել: Ասենք՝ Բուլղարիա՝ «Золотые пески», կամ էլ գուցե Սոչի՝ «на три ночи»: Իսկ, որ մեր կառավարությունը բարեգութ գտնվի և 2022 թվականի ընթացքում մի երեք հազար դրամ էլ ավելացնի թոշակները, վերջ՝ բաց է եվրոպական ցանկացած երկիր տանող ճանապարհը: Մեր կենսաթոշակառուները ոտքի տակ կտան ողջ Եվրոպան, կմեկնեն Փարիզ ու Հռոմ, Աթենք ու Բարսելոնա: Լիարժեք «կչափչփեն» Եվրոպան ու, թոռների համար նվերներ գնած, կվերադառնան մայր հայրենիք:

Հետո ի՞նչ, որ պատգամավորները և պետական ապարատի աշխատողները Անկախության 30-ամյակի տոնին ընդառաջ պարգևավճարներ ստացան: Հետո ի՞նչ, որ պարբերաբար են պարգևավճարներ ստանում: Հետո ի՞նչ, որ ավելացվել է պատգամավորական ծախսի համար հատկացվող գումարը՝ հիսուն հազարից դառնալով 250 հազար դրամ: Խեղճերը հո նվիրյալնե՞ր չեն: Հո պատգամավորները սեփական միջոցներով չեն գնալու մարզեր քաղաքացիներին հանդիպելու, նրանց խնդիրներին լուծումներ տալու: Մարդ ես, սրտները ամառվա շոգին մի բաժակ սառը թան ուզեց, բա գրպաններում փող չլինի՞:

Այնպես որ, ապրեն իրենք, հա՛մ իրենցն են մի քիչ ավելացնում, հա՛մ էլ թոշակառուներինը՝ բոլ-բոլ… Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, ասել. «Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա»: Է, զգում են, այն էլ ոնց են զգում: Մարդը հո չի ասել՝ դրականն են զգալու, ասել է՝ զգալու եք: Համարեք՝ սպառնացել է: Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանի քաղաքացիների մի հատվածն արդեն «գլխին է տալիս» ու ասում՝ կոտրվեր ձեռքս, ձեզ չընտրեի, մյուս մասը հավելում է՝ ես ճիշտ էի, որ ձեզ չընտրեցի, իսկ մի մասն էլ դեռ համարում են որ «այսքան ուրախ կյանքը մեր»… Նիկոլ Փաշինյանն է տվել ու դեռ տալու է… Այդպես էլ չհասկանալով, որ դա էլ է սպառնալիք:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031