Պաշտոնական Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև նոր հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք օգտակար ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև հետապատերազմյան ժամանակաշրջանում հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ քննարկումները: Ավելի վաղ տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, և հետագայում մենք չենք բացառում այդպիսի հանդիպումների անցկացումը»,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ այս փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համատեղ հայտարարությունների իրականացման վրա:
«Հայտնի է, որ այս համատեքստում որոշ հարցեր մնում են բաց: Կարծում ենք, որ հաղորդակցությունների բացման, սահմանազատման վերաբերյալ բանակցությունների սկիզբը կարող է առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»,- ասել է Աբդուլլաևան:
Կարդացեք նաև
Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար և նախընտրում է տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հետպատերազմյան փուլում պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների»,- ասել է Աբդուլլաևան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ