Արցախում 2020 թ. պատերազմի ելքն ապահոված Ադրբեջանի գործընկեր պետությունները հրադադարի հաստատումից անմիջապես հետո անցան իրենց «վարձավճարները» ստանալու գործողություններին, ինչին պաշտոնական Բաքուն պարտադրված էր ենթարկվել:
Այսպես՝ նախորդ շաբաթ Արցախի օկուպացված տարածքներում եւ դրանց անմիջական հարեւանությամբ գտնվող մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություն տրվեց միանգամից երկու պետության հանք շահագործող ընկերությունների: Ադրբեջանը թուրքական «Eti Bakır A.S.» եւ «Artvin Maden A.S.» ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել Արցախի Հանրապետության օկուպացված Քարվաճառի շրջանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ։ Հատկանշական է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ ընկերությունները պատկանում են Էրդողանի մերձավոր շրջապատի գործարարներին:
Նման հապշտապությամբ Ադրբեջանը վարձահատույց է լինում իր «ավագ եղբորը»՝ «հաղթանակն» իրեն նվիրելու համար:
Նախորդ շաբաթ բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունն էլ իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի շահագործման նպատակով։
«Anglo Asian Mining» ընկերության երրորդ նոր կոնցեսիոն տարածքը Դեմիրլին է, որն Արցախի օկուպացված տարածքների անմիջական հարեւանությամբ է, եւ պղնձամոլիբդենային այդ հանքավայրում 2016 թ. իրականացված նախնական գնահատականներով առկա է մոտավորապես 275.000 տոննա պղինձ եւ 3200 տոննա մոլիբդեն: Ընկերությունը նախատեսում է վերջնական պայմանագիրը ստորագրել վերոնշյալ պաշարները հաստատելուց հետո: Փաստորեն, անգլիական ընկերությունն այդ հանքավայրի վրա վաղուց է աչք ունեցել, սակայն չի կարողացել շահագործել, քանի որ Արցախի Հանրապետության սահմանների մերձակայքում է եղել, եւ միայն Ադրբեջանի կողմից այդ տարածքներն օկուպացնելուց հետո է սկսել հանքշահագործման գործընթացը:
Կարդացեք նաև
Ադրբեջանում սկսված բնական ռեսուրսների հոշոտման աննախադեպ գործընթացը փաստում է, որ 44-օրյա պատերազմում հակադրվում էին նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ աշխարհաքաղաքական խաղացողների տնտեսական շահերը: Այստեղ օրինաչափ հարց է ծագում, թե Իսրայելն Ադրբեջանից ի՞նչ է ստացել վերջինիս աննախադեպ ռազմական աջակցություն ցուցաբերելու դիմաց:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: