Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ». Freedom House-ը քննադատում է Հայաստանի իշխանություններին

Հոկտեմբեր 07,2021 10:43

«Ամերիկայի ձայն». Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու կապակցությամբ և ձեռնամուխ են եղել պարզելու գրառման հեղինակի ինքնությունը։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այս քայլին նախորդել էր երկու ամիս առաջ ՀՀ խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որով քրեականացվել է պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը:

«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասում է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը Ամերիկայի Ձայնի հետ զրույցում:

Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի խոսքերով զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը տարիներ ի վեր օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից, սակայն հետխորհրդային տարածքը վերջին 30 տարվա ընթացքում ձգտել է դեպի դրանց ապաքրեականացում: Հայաստանը դա արել է առնվազն 10 տարի առաջ, նշում է նա:
«Զրպարտության կամ վիրավորանքի համար ֆինանսական տույժերի կիրառումը, կախված օրենսդրության առանձնահատկություններից, շատ ավելի թույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, քան քրեական պատասխանատվության ենթարկումը»,- պնդում է Բեհրենդտը:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։

«Իմ ընկալմամբ, Հայաստանի կառավարությունը դա դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես դա կարող է հանդիսանալ ազգային անվտանգության հարց»,- շեշտում է Բեհրենդտը:

Անվտանգության տեսանկյունից Մարկ Բեհրենդտը ևս կարևորում է ժողովրդավարության արժեքների գերակայությունը:
«Հիմնարար անվտանգության ապահովման համար ամենակարևորն այն է, որ ժողովրդավարական հասարակությունը պաշտպանի փոքրամասնության, ինչպես նաև մեծամասնության իրավունքները, ունենա արդար և կանխատեսելի օրենքի գերակայություն, որը պաշտպանում է հիմնարար ազատությունները, ինչպիսին է խոսքի ազատությունը»,- պնդում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031