ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ փորձեց խայթել Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով թշնամու հետ դավադիր խաղերի` օպերատիվ կապի մեջ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե այդ օպերատիվ կապը Մկրտչյանի խմբակցության ղեկավարն է ապահովել:
Վանեցյանը, հիշեցնենք, ընդամենը մեկ տարի է զբաղեցրել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Նա երեկ դահլիճում չէր։ Նիստից հետո Արթուր Վանեցյանին հարցրինք, թե ինչպես կարձագանքի Փաշինյանի ակնարկներին, ինչո՞ւ չի խոսում ու չի ներկայացնում այդ օպերատիվ կապի մանրամասները։
«Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին։ Նա այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսեւորման հետեւանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ։ Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին եւ մարդկանց առողջությանն ու կյանքին։
Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»,- ասաց Վանեցյանը։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: