«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, փորձեց ճշտել, թե Քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական կողմից արդյոք գանձում կատարել է մեր օդային ուղիներից հակառակորդ երկրի ավիաընկերությանն օգտվելու հանարավորություն տալու համար: Կոմիտեի քաղաքային հեռախոսահամարներին զանգերը, սակայն, զարմանալի զուգադիպությամբ անարձագանք մնացին:
Երեկոյան կողմ մեր խմբագրություն Քաղավիացիայի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը զանգահարեց: «Բաց թողած զանգերը տեսա, հետ զանգեցի, բայց Ձեր հարցի հասցեատերը ես չեմ: Ենթադրում եմ՝ գումարների հարցով «Հայէրոնավիագացիա» ՓԲԸ-ն է զբաղվում»,- ուղղորդեց մեզ: «Հայէրոնավիագացիան» էլ, պարզվեց, գումարային փոխանցումներին հարցին պատասխանելու լիազորություն «վերեւներից» չի ստացել: «Ինձ, մեզ արգելել են խոսել այդ թեմայով: Ինչքան էլ փորձեք ինֆորմացիա ճշտել, չի ստացվի, դրան պետք է կոմիտեն պատասխանի»,- հարցի պատասխանն իր վրայից գցելով՝ ասաց Սեւակ անունով ներկայացած ՓԲԸ-ի աշխատակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որեւէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձեւավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման:
Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսեւորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։