Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներս մեզ չխաբենք

Հոկտեմբեր 07,2021 10:00

Երկու օր առաջ պատմաբան եւ նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց էր տվել «Առավոտին»:

Այնպես չէ, որ նրա բոլոր ասածները վերին ատյանի ճշմարտություններ են, եւ դրանք քննարկման կամ քննադատության առարկա չեն կարող լինեն: Հակառակը՝ ինքը, փորձագետն է ասում, որ իր առաջ քաշած գաղափարները կարիք ունեն ճշգրտման եւ շտկման:

Այդ հարցազրույցի ու հեղինակի այլ հրապարակումների հետ կապված՝ պետք է երկու կարեւոր քայլ կատարել: Նախ՝ դրանք լսել կամ կարդալ, ոչ թե՝ Լիպարիտյանի պատկերը տեսնելիս կամ վերնագիրը կարդալիս ասել՝ «դե պարզ է, բոլոր լեւոնականներն ասում են, որ պետք է Ղարաբաղը հանձնել եւ լավ ապրել»: Երկրորդ՝ լսել եւ կարդալ առանց  նախապաշարման կամ քարոզչական կլիշեների: Համաձայն եմ, որ դա շատ դժվար է համացանցային օգտատերերի 90 տոկոսի համար:

Նախ՝ օրինակ բերեմ մեկ այլ ոլորտից: Ինձ ասում են՝ ինչո՞ւ եք դուք հավատում, որ կորոնավիրուսից պատվաստվելը չի ապահովում վարակվելուց, բայց մի քանի անգամ նվազեցնում է վարակվելու կամ՝ վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի ռիսկը: Ես պատասխանում եմ, որ խնդիրն իմ հավատալ-չհավատալը չի: Խնդիրը չոր վիճակագրությունն է աշխարհի մասշտաբով եւ դրա վրա կառուցվող հավանականության մոդելները (մի ամբողջ գիտություն): Այո, այդ վիճակագրությունն ամփոփում է մոտ մեկ տարվա տվյալները: Տասը տարի հետո վիճակագրությունը կարող է փոխվել: Բայց այս պահի դրությամբ մենք չունենք տվյալներ, որոնք հակասում են այդ պնդմանը: Կարելի է մի քանի հուզական ճառեր արտասանել այս թեմայով՝ Բիլ Գեյթսով, չիփերով, հուդամասոններով, բայց դրանից փաստը չի փոխվի:

Ինչո՞ւ մենք նույն սառնասրտությունը չպիտի դրսեւորենք Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Որովհետեւ դա մեր ազգային զգացմունքներին ավելի շա՞տ է կպնում: Այս 30 տարում եղե՞լ է մի պետություն, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չի եղել՝ ամեն ինչ տեղի է ունեցել նահանգների, քաղաքների, երկրամասերի եւ այլ վարչատարածքային միավորների մակարդակով: Իսկ դրանք զուտ խորհրդանշական քայլեր էին՝ ճիշտ այնպես, ինչպես Փարիզի քաղաքապետի հայտարարությունները: Ի՞նչ է նշանակում ասել՝ «հեսա-հեսա,  արդեն քիչ մնաց, շուտով սա կամ նա կճանաչի»: Շատ պարզ՝ դա նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Եթե դա ինչ-որ քարոզչություն է, որն ուղղված է ներքին լսարանին, դա դեռ ոչինչ: Բայց  եթե դա պետական գործիչների, դիվանագետների համոզմունքն է, դա արդեն խնդիր է:

Այս փոքր օրինակով ուզում եմ ցույց տալ, թե ինչ մեթոդաբանություն է առաջարկում Լիպարիտյանը Հայաստանի համար ամենացավոտ հարցերում: Զուտ տեխնիկապես այդ մեթոդաբանության մեջ որեւէ բարդ բան չկա՝ չզբաղվել ինքնախաբեությամբ, եւ վերջ: Հոգեբանական առումով, այո, դա դժվար է: Ցանկությունների (փափագների) մասին մտածելն ավելի հեշտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Փասռորեն մերժելով Լևոն Տեր-Պետրոսյանին, մենք գնացինք պատերազմին ընդառաջ: Միևնույն ժամանակ շեղվեցինք նաև զարգացման տրամաբանական ուղուց, պետական ապարատը՝ «նախագահից» մինչև բարձրաստիճան զինվորական, դարձան բիզնեսի «գիտակներ»: Իմ համոզմամբ հակառակ պարագայում պատերազմը չեինք պարտվի:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Պատերազմը իր հետ բերեց ԼՏՊ-ի հոգեզավակ նիկոլչիբեյը: Եւ այդ պլանավորված պատերազմում մենք չէինք կարող չպարտվել. ձեր սիրելի գերագույն գլխավոր դավաճանը հասունացրեց ու հրահրեց այն՝ հենց պարտվելու համար: Ահա թե ինչ է լինում, երբ ազգակործան պատուհասը գերազանցությամբ է ավարտում Լիպարիտյանի ու ԼՏՊ-ի գաղափարական դպրոցը…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “դրանք լսել կամ կարդալ, ոչ թե՝ Լիպարիտյանի պատկերը տեսնելիս կամ վերնագիրը կարդալիս ասել՝ «դե պարզ է, բոլոր լեւոնականներն ասում են, որ պետք է Ղարաբաղը հանձնել եւ լավ ապրել»”

    Լսել եւ կարդացել եմ Լիպարիտյանի ելույթների մեծ մասը՝ 90-ականներից սկսած մինչեւ այսօր եւ կարող եմ վստահորեն ասել, որ այդ մարդու եւ նիկոլի միջեւ առանձնապես տարբերություն չկա: Նրանք միեւնույն գաղափարախոսության կրողներն են՝ հանձնել Արցախն ու Սյունիքը, Տավուշն ու Սեւանը, եւ ապրել որպես թուրքի հնազանդ ու հավատարիմ ստրուկներ: Այո, նիկոլը դա արեց իրեն հատուկ ձեւով՝ փնթիաբար, դավաճանաբար, դավադրաբար, իսկ ինտելեկտուալ ԼՏՊ-ն ու Լիպարիտյանը նույն բանը ուզում էին անել դիվանագիտորեն, առանց ավելորդ աղմուկի ու մեծաքանակ զոհերի, բայց դե արդյունքը բոլոր դեպքերում նույնն է՝ թուրքական վիլայեթ ու հայաթափում: Լիպարիտյանը նույն «խաղաղության դարաշրջանի» գաղափարն է առաջ մղում՝ ստոկհոլմյան սինդրոմով, պարտվողականության ու քիրվայականության անտանելի ու զազրելի քարոզով…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Զուտ տեխնիկապես այդ մեթոդաբանության մեջ որեւէ բարդ բան չկա՝ չզբաղվել ինքնախաբեությամբ, եւ վերջ:”

    Այո, իհարկե, Լիպարիտյանի խաղաղության դարաշրջանի մեթոդաբանությունը հոյակապ է՝ զբաղվել ինքնասպանությամբ, եւ վերջ: Պարզ ու կոնկրետ…

  4. Լավատես says:

    Հասկանալի է, մե՛նք չենք առաջարկել այս զիզիպիզի նախագահներին, որ հետո էլ նրանցից մի բան պահանջենք, մենք պարզապես լեգիտիմացրել ենք սրանց, իսկ քաղաքականապես միամիտ ժողովրդին մանիպուլացնելը քաղաքական մաշեննիկների համար նույնն է, ինչ այլ սորտի մաշեննիկների համար միայնակ տատիկներին մանիպուլացնելը: Իսկ ո՞ւր են նախագահի մեր թեկնածուները, ինչո՞ւ մինչեւ հիմա նորմալ իսկապես անկախ ու ժողովրդասեր ուժերը ռազմավարական դաշինք չեն ստեղծում, որ երբ հարմար պահը գա, միանգամից պատրաստ լինեն գլխավորելու ազգի քաղաքական կրիտիկական զանգվածը: Իսկ եթե ուզում ենք լուրջ ուժ ձեւավորել, պետք է սկսել սեփական մասնավոր հետախուզությունից եւ հակահետախուզությունից, որ ամեն տեսակ այլ հետախուզությունների թափթփուկներ իրենց քաղցրալեզու բայց թունավոր ելույթներով չներթափանցեն ու ներսից չոչնչացնեն ազգային ուժը: Սա է իմունիտետը ցանկացած կառույցի, առանց հզոր դիմադրողականության ինչքան էլ խելոք ու հարուստ ու ուժեղ լինես, օգուտ չկա: Այսպիսով առաջին հերթին, մեր առողջ ազգային ուժերը միավորվում են եւ ստեղծում սեփական մասնավոր հետախուզությունն ու հակահետախուզությունը, ընդ որում, նրանք պետական հատուկ ծառայություններին էլ կարող են օգտակար ծառայություններ մատուցել, եթե պետական կառույցների նպատակները ազգօգուտ լինեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031