Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում քննչական ենթակայության վերաբերյալ կարգավորումներում

Հոկտեմբեր 07,2021 13:30
qreakan

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով, որը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, ի թիվս այլնի, փոփոխություններ են նախատեսվել նաեւ քննչական ենթակայությունը սահմանող դրույթներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։ «Առավոտը» հարթակ է տրամադրել բոլոր կարծիքներին, առաջարկներին:

Ներկայացնում ենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի դիտարկումներից մի հատված:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով ոչ թե միջոցներ են ձեռնարկվել բարձրացնելու մարդու իրավունքների, եւ մասնավորապես, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության արդյունավետությունը, այլեւ փաստացի ինստիտուցիոնալ առումով ավելի է նվազեցվել այն՝ խոշտանգման գործերի քննչական ենթակայությունը վերապահելով ազգային անվտանգության ծառայության՝ ԱԱԾ քննիչներին: Հարկ է նշել, որ օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ՝ 181-րդ հոդվածի 6-րդ մասում խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել էր Հատուկ քննչական ծառայության՝ ՀՔԾ քննիչներին, մինչդեռ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված խմբագրությամբ խոշտանգումն ամրագրող 450-րդ հոդվածը ներառվել է ԱԱԾ քննիչների քննչական ենթակայությանը վերապահված գործերի ցանկում։ Այսպիսով, ի սկզբանե մշակված դրույթը (առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը) խոշտանգման գործերի քննչական ենթակայության վերաբերյալ եւ վերջնական ընդունված դրույթը (երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված նախագիծը) տարբեր կարգավորումներ են նախատեսել, ինչի կապակցությամբ հնարավորություն չի ստեղծվել բովանդակային քննարկումներ իրականացնել նշված խնդրի շուրջ։ Համանման իրավիճակ է ստեղծվել նաեւ մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ։

2021 թվականի մարտի 24-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը, որով նախատեսվել է ձեւավորել կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող հատուկ մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժի մեջ կմտնի նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված օրենքը, որը նույնպես փոփոխություններ է նախատեսում քննչական ենթակայության վերաբերյալ կարգավորումներում, այդ թվում՝ խոշտանգման գործերով քննության իրավասության վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է այն բովանդակությամբ, որ ՀՔԾ-ն, որպես քննություն իրականացնող մարմին, չի դադարելու գոյություն ունենալ եւ վերջինիս զուգահեռ ստեղծվելու եւ գործելու է հակակոռուպցիոն կոմիտե, որը եւ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով իրականացնելու է նախաքննություն: Մինչդեռ պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերստին մնալու էր ՀՔԾ քննչական ենթակայության ներքո։ Սակայն միանգամայն այլ բովանդակությամբ նախագիծ է ներկայացվել երկրորդ ընթերցմանը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1, 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները»:

Ընդունված օրենքով ՀՔԾ-ն, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների եւ պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում նաեւ՝ խոշտանգումների, քննություն իրականացնող անկախ մարմին դադարել է գոյություն ունենալ, իսկ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել է ԱԱԾ-ին: Հարկ է ընդգծել, որ ընդունված օրենքը բովանդակային առումով լրիվ այլ կարգավորումներ է նախատեսել, քան ի սկզբանե քննարկման դրված տարբերակը, ուստի՝ նշված խնդրի կապակցությամբ եւս չի ապահովվել խոշտանգման գործերի քննչական ենթակայության բովանդակային եւ պատշաճ հանրային եւ մասնագիտական քննարկումը։ Ընդգծելով պատշաճ քննչական ենթակայության կարեւորությունը կոռուպցիոն հանցագործությունների լրիվ եւ բազմակողմանի քննության տեսանկյունից՝ հայտնում ենք, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները չեն կարող ստորադասել եւ անտեսել պաշտոնատար անձանց կողմից իրականացվող այնպիսի հանցագործության արդյունավետ քննությունը, ինչպիսին խոշտանգումն է։ Նշված օրենսդրական փոփոխություններով էապես վտանգվում է խոշտանգումներից զերծ մնալու՝ անձի սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքը ներքոնշյալ հիմնավորումներով։ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է»: Սահմանումից ինքնին ակնհայտ է, որ ԱԱԾ-ն անկախ եւ անաչառ մարմին համարվել չի կարող, այն գործում է վարչապետի ենթակայության տակ, հետեւաբար, վերջինիս քննիչները չեն կարող ապահովել խոշտանգման գործերով գործերի քննության արդյունավետության առաջնային եւ կարեւորագույն չափանիշը։ ՀՔԾ-ն խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքացիական հասարակությանը մշտապես առաջարկել է մեծացնել ՀՔԾ-ի դերը, հզորացնել վերջինիս անկախության երաշխիքները՝ ապահովել ՀՔԾ-ի պետի ընտրությունը ՀՀ ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից, ամրագրել ՀՔԾ-ի հաշվետվողականությունը Ազգային ժողովին՝ տարեկան զեկույցներով՝ արված քայլերի եւ առաջացած խնդիրների վերաբերյալ, նախատեսել, որ ՀՔԾ-ն որեւէ ուղղակի կամ անուղղակի ենթակայություն չպետք է ունենա կառավարությանը, ապահովել խոշտանգումներից տուժած անձանց ուղիղ եւ անմիջական հասանելիությունը ՀՔԾ-ին։ ՀՔԾ-ն որոշ առումով «անկախության» տարրեր պարունակում է, ինչը չենք կարող ասել ԱԱԾ մասին, մասնավորապես, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն. «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տրամադրել է խոշտանգման հանցագործությունների քննության իրավասությունը Հայաստանի ԱԱԾ-ին փոխանցելու վերաբերյալ տեղեկանք, որում նշել է, որ «ԱԱԾ-ի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգման հանցագործությունների գործերի քննություն իրականացնելը դիտվում է որպես առավել մասնագիտացված եւ անաչառ մարմնի կողմից իրականացվող գործառույթ: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննիչների՝ ըստ հանցատեսակների նեղ մասնագիտացման շնորհիվ կապահովվի քննարկվող հանցատեսակով գործերի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության հնարավորությունը»: Նշենք, որ ստացված տվյալների համաձայն, 2016 թվականից ի վեր ԱԱԾ-ում խոշտանգման հանցատեսակով գործ հարուցված չի եղել։ Բացի դրանից՝ ազգային անվտանգության պաշտոնական կայքում նշված է, որ ՀՀ ԱԱԾ ՔԴ կողմից քննվող գործերով առավել գերիշխող հանցագործության տեսակներն են կոռուպցիոն հանցագործությունները, ապօրինի սահմանահատումները, անօրինական միգրացիան, թմրամիջոցների մաքսանենգությունը: Այսպիսով, ԱԱԾ մարմնի նեղ մասնագիտական ուղղվածությունը չի կարող որպես փաստարկ բերվել, հիմնավորելու համար խոշտանգման գործերով քննության քննչական ենթակայությունը վերջինիս փոխանցելու համար։

2018 թվականից մինչ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է 4 տնօրեն, իսկ հիմնադրվելուց (2002 թվականից) մինչ 2018 թվականը՝ 3: Նման կադրային քաղաքականությունը լրացուցիչ հիմնավորում է ԱԱԾ կախյալ կարգավիճակը ՀՀ վարչապետից։
Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) ՀՀ վերաբերյալ 2015 թ. ներկայացրած զեկույցում դրական է գնահատել ՀՔԾ-ի՝ որպես մասնագիտացված քննչական մարմնի ստեղծումը եւ ՀՔԾ քննիչների արհեստավարժությունը: Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարեւորել է, որ խոշտանգման գործերը շարունակի քննել ՀՔԾ-ն՝ որպես անկախ քննչական մարմին: Օրենսգրքով խոշտանգման գործերի նախաքննության քննչական ենթակայությունը Ազգային անվտանգության ծառայության քննիչներին վերապահելը խաթարում է խոշտանգումների արդյունավետ քննության նաեւ միջազգային իրավական չափանիշները եւ դրանց հիման վրա ձեւավորված Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան:

ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ ՀՔԾ-ից ԱԱԾ մարմիններին խոշտանգման գործերով քննչական ենթակայության փոխանցումը էական հետընթաց է խոշտանգումներից զերծ մնալու անձի իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդպիսի քայլով պետությունը անտեսում է քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ եւ գործառութային անկախության ու անաչառության, ըստ այդմ նաեւ՝ գործի քննության արդյունավետության պահանջը։

«Առավոտ» օրաթերթ
06.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031