Ներսեհ Ալոյանը ծնվել եւ մեծացել է Արտաշատում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, այնուհետեւ` Ընծայարանում: 2014 թվականին նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
2018 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան: Եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի գավազանակիրն ու անձնական քարտուղարը: 10 տարի դասավանդել է սուրբ Թարգմանչաց վարժարանում, իսկ հիմա Երուսաղեմի հայոց պատրիարքության «Սիոն» ամսագրի գլխավոր խմբագիրն է (այն հայ պարբերական մամուլի ամենաերկարակյացներից է, տպագրվում է 1866 թ.-ից), ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքության սուրբ Թեոդորոս ձեռագրատան տնօրենը, որտեղ պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյաններ:
Այս անգամ Հայաստան գալու առիթը նույնպես շատ կարեւոր էր։ Մեր կարճ զրույցի ընթացքում պարզ դարձավ, թե իրականությունն ինչ ճանապարհներով է արտացոլում հայրենիքից հեռու ապրող Ներսեհի ներաշխարհում։
Նա պատմում է, որ երբ 2016 թ.-ին եղավ Ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ազգովի տխրեցինք, տագնապեցինք, բայց ապրեցինք, որովհետեւ կյանքը շարունակվում է: Անցավ երկու տարի, բայց Ապրիլյանի հետքերն ու ապրումները տակավին հետապնդում էին Ներսեհին: «2018 թ.-ին, որպեսզի Ապրիլյանի հետքերը սպիացնեմ, իմ բազմազբաղ առօրյայից կտրվեմ ու մի քիչ ցրվեմ, որոշեցի ճամփորդել: Եվ զարմանալին այն է, որ հենց Թուրքիա էի ուզում գնալ, գուցե այլ կողմից էի ուզում բացահայտել թշնամուն,-պատմում է զրուցակիցս, ավելացնելով,-երբ արդեն պատվիրել էի Անթալիայի տոմսը, ամրագրել էի հյուրանոցը, դժբախտություն պատահեց իմ ընտանիքում. հորեղբորս կրտսեր որդին, ով մանկությանս ընկերն ու համադասարանցիս էր նաեւ, խեղդվեց Սեւանա լճում: Անմիջապես Հայաստան եկա՝ թաղման արարողությանը ներկա գտնվելու: Երուսաղեմ վերադառնալուց հետո երկմտում էի՝ մեկնել ճամփորդության, թե ոչ: Չմեկնելու դեպքում կկորցնեի ամբողջ վճարածս գումարը, ուստի որոշեցի մեկնել»:
Կարդացեք նաև
Որոշեց ու մեկնեց։ Ճամփորդության առաջին իսկ պահերից ինչ-որ արկածային բաներ էին պատահում, սակայն այդ ընթացքում երբեք գիրք գրելու մտադրություն չի ունեցել: Վերադառնալուց հետո, ամեն անգամ, երբ հիշում էր այն ամենը, ինչին առնչվել է ճանապարհորդության ընթացքում, իր ֆեյսբուքյան էջում պատմում էր՝ կցելով լուսանկար: Համառոտ հուշապատումներն անպայման համարակալում էր՝ մաս 1, 2, 3… եւ այսպես շարունակ: Մեկ-երկու մաս գրելուց հետո պարզ եղավ ընկերների դրական արձագանքը: «Սերիալ ես սարքել, էնպես ես վերջացնում, որ անհամբեր սպասում ենք հաջորդ մասին», «Աշխատանքից արագ-արագ վազում եմ տուն, որ տեսնեմ հաջորդ մասում ինչ ես գրել». եւ այսպես ամեն հատված տեղադրելուց հետո էլ ավելի էին շատանում արձագանքները: Եվ երբ գրեց վերջին մասը, բոլորը տարակուսած էին, անգամ հորդորում էին, որ շարունակի գրել: Մի օգտատեր, ով գրականագետ էր մասնագիտությամբ, գրել էր. «Այս պատմությունը հրաշալի գիրք կլինի, ուրախ կլինեմ, որ այն մի օր գիրք դարձնես»: Եվ մի օր Ներսեհը որոշեց հետեւել այդ խորհրդին եւ գիրք դարձնել հուշերը, որոնք իր հոգում ու մտքում կրում է: Օրերս «Արմավ» հրատարակչությունը հրատարակեց Ներսեհի «Միայնակ ճամփորդը» ճամփորդագրական իրապատում վիպակը։
«2020-ի 44-օրյա պատրազմի օրերին գիրքն արդեն խմբագրման փուլում էր, մտավախություն ունեի, տարակուսում էի՝ տպագրել, թե ոչ: Չգիտեի ինչպես կընդունի ընթերցողն այն, քանի որ դեպքերի զգալի մասը կիսալուսնի երկրում էր կատարվում: Բայց առաջին ընթերցողները մտավախելու որեւէ բան չտեսան եւ հորդորեցին տպագրել»,-պատմում է «Միայնակ ճամփորդը» գրքի հեղինակ Ներսեհը:
Գիրքն իրապատում է, անձերն ու անունները իրական են: Գրքում հեղինակը պատմում է Թել-Ավիվից դեպի Անթալիա, Ստամբուլ, Երեւան, Արտաշատ, Դիլիջան իր ճամփորդության եւ այդ ընթացքում տեղի ունեցած արկածների, դեպքերի մասին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.10.2021