Տիգրան Ղարիբյանը Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի համար անմահացածներից մեկն է
Արյան կանչը ինչպես Հայաստանի ցանկացած բնակավայրում, այնպես էլ Գագարին գյուղում ծնված հայորդուն տարավ Արցախ։ Արցախի ազատության վեհ գաղափարի համար ապրեց եւ անմահացավ Տիգրան Ղարիբյանը։ Երեք ամիս էր մնացել. տուն պիտի գար։ Սովորել է հենց Գագարին գյուղի միջնակարգ դպրոցում։ Հաճախել է նաեւ տեղի նկարչական դպրոցը։ Տիգրանի հետ կապված իր հիշողությունները ներկայացրեց Տիգրանի քույրը՝ Տաթեւ Ղարիբյանը. «Որեւէ դեպք չեմ կարող հատուկ առանձնացնել եւ ասել, որ հենց դա ստիպեց, որ հիշեմ եղբորս, քանի որ նրան հիշեցնող շատ-շատ դեպքեր կան …Ընդամենը մի բան կասեմ` իր հետ անցկացրած ամեն րոպեն հետաքրքիր է եղել թե՛ իմ, թե՛ ընտանիքիս անդամների համար։ Մենք ինչ-որ հատուկ դեպքով չենք հիշում Տիգրանին, քանի որ նա միշտ էլ մեզ հետ է …»,- ասում է Տաթեւը: Երազանքներ, մեծ նպատակներ, ապագայի հետ կապված ծրագրեր, որոնք, ըստ Տաթեւի, մի վայրկյանում փշրվեցին:
«Տիգրանը շատ էր սիրում սպորտով զբաղվել, բայց իր համար առաջնայինը նկարչությունն ու գծագրությունն էր։ Սովորել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում՝ ճարտարապետ, դիզայներ բաժնում։ Ցանկություն ուներ ավարտելուց հետո բուհ ընդունվել եւ բարձունքների հասնել, սակայն պատերազմը բոլորիս երազանքները փշրեց։ Պատերազմը մեզանից խլեց ամենաթանկը՝ եղբորս։ Տիգրանս անփոխարինելի էր, շատերը կերազեին նրա նման եղբայր ունենալ։ Նա երբեք իր սերը մեր հանդեպ բացահայտ ցույց չէր տալիս: Ինձանից ու ընտանիքի մյուս անդամներից զատ նա շատ էր սիրում իր ընկերուհուն, ում հետ կիսվում էր, մեզանից պատմում»,-հիշում է քույրը:
Կարդացեք նաև
Տիգրանը ծառայել է Խնձորեսկում, պատերազմի ժամանակ տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: «Պատերազմը սկսվեց, շատ անհանգիստ էինք, բայց երբ զանգում էր, ամեն ինչի վրա սկսում էինք ծիծաղել: Տիգրանը կատակում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է, շատ ուրախ էր խոսում կամ երեւի փորձում էր ուրախ ձեւանալ, ասում էր` իր տեղը ապահով է. չանհանգստանանք։ Վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 29-ին, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ անիծյալ դեպքը։ Դեպքի մասին մանրամասն չեմ ուզում խոսել, միայն կնշեմ, որ Տիգրանս այդ պահին եղել է իր հրամանատարի հետ` իրենց ՀՄՄ-ի մեջ»,-պատմում է Տաթեւը։
Այս պատերազմում շատերը հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանք անմահացան, իսկ անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության, որի մասին խոսվելու է այսօր, վաղը եւ հավիտյան։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
3-րդ կուրս
Լուսանկարները` Տիգրան Ղարիբյանի արխիվից
«Առավոտ» օրաթերթ
06.10.2021