Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանն՝ ի շահ տարածաշրջանի անվտանգության եւ ընդդեմ օտարերկրյա բանակների

Հոկտեմբեր 07,2021 12:00

Իրանի ակտիվությունը լուրջ ազդակ է այն մասին, թե տարածաշրջանային կայունությունը որքանով է վտանգված Հայաստանի շուրջ

Մեր տարածաշրջանը գտնվում է աննախադեպ ակտիվության փուլում: Հայաստանի գործընկեր պետությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ աննախադեպ հետաքրքրության ականատես ենք դարձել վերջին շրջանում: Հայաստանի շուրջ զարգացումները բավական արագ են ընթանում, միաժամանակ շահերի ակնհայտ բախումների ենք ականատես դառնում:

Իսկ հարեւան Իրանի ակտիվությունը լուրջ ազդակ է այն մասին, թե տարածաշրջանային կայունությունը որքանով է վտանգված Հայաստանի շուրջ: Ղարաբաղյան կարգավորման ողջ պատմության ընթացքում մշտապես ասվել է, որ Իրանը հանդես է գալիս որպես զսպող ուժ՝ իր հավասարակշռված դիրքորոշմամբ: Թեհրանը չի թաքցրել ցանկությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նույնիսկ միջնորդի դեր ստանձնելու: Վերջին շաբաթներին Իրանից եկող ազդակները լրացուցիչ անգամ փաստեցին, թե իրականում որքան կարեւոր էր Իրանի համար հարաբերական անդորրը մեր տարածաշրջանում:

Հոկտեմբերի 1-ից իրանական բանակը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների ներգրավմամբ։ Վարժանքների նպատակն է ստուգել ու ամրապնդել բանակի մարտունակությունը:

Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին, որի պատճառներից մեկը հայտարարվում է Բաքվի սերտ հարաբերությունները Թեհրանի հակառակորդ Իսրայելի հետ: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն օրերս այս մտահոգությունն անձամբ էր փոխանցել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին. «Մենք չենք հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու ակտիվությունը մեր ազգային անվտանգության դեմ, կամ մեր սահմանների հարեւանությամբ, եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե իրանական կողմի այս քայլերը առնվազն տարակուսելի են:

Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը վերստին պնդել է, որ սեփական երկրում զորավարժություններ անցկացնելու տեղը, ժամանակն ու բնույթը միայն Թեհրանն է որոշում: Ընդգծելով, որ Իրանը հաստատակամ է այս հարցում՝ ԱԳ նախարարը միաժամանակ նշել էր, որ հարեւանների հետ հարաբերությունները փչացնել չեն ուզում:

Իրան-Ադրբեջան երկկողմ լարվածության պատճառներից մեկն էլ Բաքվի կողմից վերջին քայլերն էին Իրան-Հայաստան ճանապարհին: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի շաբաթ է, ինչ ադրբեջանցի սահմանապահները մաքսատուրք են գանձում ճանապարհի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։ Օրեր առաջ էլ ձերբակալեցին երկու վարորդների` «ապօրինի Ղարաբաղ այցելելու» համար:
Մյուս կողմից ակնհայտ է, որ Իրանին անհանգստացնում է պաշտոնական Բաքվի օր օրի խորացող հարաբերությունները Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանն առաջին անգամ համատեղ զորավարժություններ անցկացրեց Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ:

Իրանի լիովին արդարացված անհանգստությունների ֆոնին թուրք-ադրբեջանական տանդեմը չի նահանջում: Հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում հայտարարված է թուրք–ադրբեջանական` «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։

«Զորավարժությունների նպատակն է Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել ադրբեջանցի եղբայրներին մեր բոլոր հնարավորություններով, ինչպես մինչ օրս արել ենք։ Մենք միասին ենք ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին եւ հավատարիմ ենք «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգին»,-ասել է Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչ Փինար Կարան։

Պաշտոնական Թեհրանի կողմից վերջին օրերին հայտարարությունները բավական հստակ են: Իրանն Ադրբեջանին հստակ փոխանցել է, որ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին եւ տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նման կարծիք է հայտնել հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել տարածաշրջան. «Ադրբեջանի հետ զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարեւանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու։ Այսինքն` տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել»։ Նա անդրադարձել է նաեւ իրանցի 2 վարորդների ձերբակալման փաստին` նշելով, որ Նյու Յորքում հանդիպելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, իր մտահոգությունն է հայտնել այդ հարցի առնչությամբ։ «Ես հստակ ասացի, որ եթե որոշվել է հարկեր գանձել, ապա դիվանագիտական խողովակներով պետք է մեզ տեղեկացնեին։ Չնայած այդ ամենին, իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, նման վարքագիծը չի կարող դրականորեն մեկնաբանվել»,-ասել է Աբդոլլահիանը։

Իրանի հյուսիս-արեւմտյան, Ադրբեջանին սահմանակից շրջաններում շարունակվում են երկրի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարիի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են զրահատանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր եւ ռադիոլոկացիոն սարքավորումներ. «Զորախաղերը ընթանում են ուղղաթիռների կրակային աջակցությամբ։ Դրանք անցկացվում են երկրի այդ շրջանում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով»։ Զորավարժությունների անցկացմանն անդրադարձել է նաեւ Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին. «Կասկած չկա, որ իրանցի ժողովրդի թշնամիներին, անխոհեմ գործողությունների դեպքում, ջախջախիչ հարված կհասցվի եւ նրանք ծանր գին կվճարեն նման քայլերի համար»։

Իրանի բրիգադային գեներալ Քյոմարս Հեյդարին հանդես եկավ ավելի ուշագրավ դիտարկումներով: 44-օրյա պատերազմի ընթացքում, եթե արեւմտյան աղբյուրներն էին տեղեկություններ հաղորդում մեր տարածաշրջանում հայտնված վարձկան ահաբեկիչների մասին, ապա այս թեման այս անգամ թեժացրեց Իրանը: «Սիոնիստական ռեժիմի վստահված անձանց բացահայտ եւ քողարկված ներկայությունն ու ԻՊ-ի ահաբեկիչների հավանական ներկայությունը տարածաշրջանի երկրներում այս զորավարժությունները դարձնում են ավելի կարեւոր»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ ԻՊ գրոհայիններ են բերվել տարածաշրջան ԼՂ հակամարտության բռնկման ժամանակ. «Քանի որ մենք վստահ չենք, որ նրանք լքել են տարածքը, զորավարժությունները ուղերձ են նրանց համար։ Նրանք եւ սիոնիստները պետք է իմանան, որ իրենք տեղ չունեն տարածաշրջանում, եւ որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպայքարեն նրանց դեմ»։

ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեի ուղերձը եւս բավական հստակ էր: Իրանի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի լուծումը կայանում է նրանում, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը: Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ամուր պատ են եւ երկրի վահանն ընդդեմ լուրջ սպառնալիքների: Նա նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա բանակների ներկայությունը ապակառուցողական եւ սադրիչ է: Ընդգծելով, որ տարածաշրջանային բանակները պետք է սատարեն տարածաշրջանի անվտանգությունը՝ նա ասել է, որ օտարերկրյա բանակներին չի կարելի թույլ տալ միջամտել տարածաշրջանային հարցերին: Խամենեին հավելել է, որ Իրանի հետ հարեւան երկրների միջեւ իրադարձությունները հյուսիս-արեւմուտքում պետք է կարգավորվեն առանց օտարերկրյա միջամտությունների:

«Հեյբարի նվաճողները» զորավարժություններն ուղերձ են փոխանցել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաեւ նախազգուշացում սիոնիստական ռեժիմին», ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ: «Տարածաշրջանում եւ հարեւան երկրներում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունները կարմիր սահմանագիծն են, եւ մենք չենք անտեսի ցանկացած օտարերկրյա գործողություններն այդ ուղղությամբ, ինչպես նաեւ մենք չենք հանդուրժի ցանկացած երկրի հողը սիոնիստական ռեժիմի գործողությունների վայր վերածելուն»,-ասվում է հայտարարության մեջ: «Մեր հարաբերությունները ժողովրդի եւ հարեւան երկրների, այդ թվում՝ մահմեդական եւ եղբայրական երկրների եւ Ադրբեջանի հետ վաղեմի եւ կայուն են, եւ թշնամիների ու իսրայելական ռեժիմի կողմից տարաձայնություններ ստեղծելը երբեք չի ազդի այդ միասնականության ու եղբայրության վրա»: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ ասվում է, որ՝ «Իրանի ժողովուրդը թույլ չի տա ագրեսիա իր երկրի, տարածաշրջանի անվտանգության եւ երկրի շահերի դեմ: Իսլամական Իրանը բազմիցս ապացուցել է իր եղբայրությունն ու բարիդրացիական կապերը հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Տարաձայնություններ առաջացնող որոշ հայտարարություններ ուղղված են բարիդրացիական հարաբերությունների դեմ, եւ ակնկալվում է, որ Բաքվի կառավարությունը հնարավորինս արագ կհակազդի օտարերկրացիների ցանկացած ոտնձգությանն ու այդ պառակտող գործողություններին»:

Իրանի կողմից սաստող ու բավական կոշտ ուղերձների ֆոնին ընդգծեց նաեւ՝ Իրանը լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Օրերս Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը որեւէ երկրի հետ չի հակասում որեւէ այլ պետության: Խոսելով Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ ահաբեկիչների առկայության վերաբերյալ թեմայի մասին` ներկայացուցիչն ասել է, որ Իրանն այդ հաղորդագրությունները ստացել է պատերազմի հենց սկզբից: Նա ընդգծել է, որ այդ բոլոր զեկույցները Թեհրանը փոխանցել է Բաքվի իր գործընկերներին: Իրանը վերջին ամիսներին միշտ սկզբունքային քաղաքականություն է վարել, հավելել է Խաթիբզադեն՝ նշելով, որ Իրանը Բաքվի իր գործընկերներին ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը եւ օգնել է իր հյուսիսարեւմտյան հարեւանին պահպանել դրանք: Նա միաժամանակ նշել է, որ Բաքուն չպետք է թույլ տա, որ երրորդ կողմը չարաշահի իր սահմաններն ու հողը: Նրա խոսքով` Իրանը լավ գիտի` ինչպես պաշտպանել իր անվտանգությունը, սակայն Ադրբեջանը պետք է կատարի իր ինքնիշխան պարտականությունները: Նաեւ, անդրադառնալով Ադրբեջանում իրանցի վարորդների ձերբակալությանը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանն իր վարորդների նկատմամբ վարքագիծը բարիդրացիական չի համարում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031