Խորը կսկիծով հայտնում ենք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներից Վիգեն Չիտեչյանը զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ և մեծ ավանդ է ունեցել հայոց պետականության կառուցման գործում: Նա իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման գործում։
Վիգեն Չիտեչյանը ծնվել է 1941թ. հուլիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը (տեխնիկական գիտությունների դոկտոր)։
1969-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա՝ Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում` որպես ամբիոնի վարիչ: 1985-1990թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետը։
1990-1991թթ. հանդիսացել է ՀՀ արդյունաբերության փոխնախարար, 1991-1993թթ.՝ ՀՀ պետնախարար, 1993-1995թթ.՝ ՀՀ փոխվարչապետ։
1995-1997թթ. Վիգեն Չիտեչյանը եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, 1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը, 1997-2010թթ.՝ ՀՀ դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարը, 2009-2018թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, 2011-2018թթ․ Մոնակոյում, Անդորրայում ՀՀ դեսպանը, 2012-2013թթ․ Վատիկանում ՀՀ դեսպանը։
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Արժանիքի ազգային շքանշանով, իսկ Բելգիայի կառավարության կողմից՝ Թագի շքանշանի Մեծ Խաչով՝ հայ-ֆրանսիական և հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար:
Վիգեն Չիտեչյանն իր գործին անմնացորդ նվիրված անձնավորություն էր, պատասխանատվության խորը զգացումով օժտված վառ անհատականություն: Իբրև դեսպան, մեծ հեղինակություն էր վայելում հավատարմագրման երկրների և միջազգային կառույցների պաշտոնական, ինչպես նաև համայնքային շրջանակներում:
Կարդացեք նաև
Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Վիգեն Չիտեչյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Չիտեչյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
ՀՀ ԱԳՆ