Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է վերլուծել Արեւմուտքն ինչ պատճառներով կարող է վերադառնալ․ օրինակ, Ղարաբաղն օգտագործելով, ՌԴ ազդեցությունը նվազեցնեն, այսինքն` ներմուծեն սառը պատերազմի մտայնությունը»․ Ժիրայր Լիպարիտյան

Հոկտեմբեր 06,2021 22:44

«Ղարաբաղյան առաջին պատերազմը երբեք խաղաղության պայմանագրի առարկա չդարձավ, եւ տարածաշրջանը 25 տարի մշտական անկայունության մեջ էր»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով քննարկմանն ասաց ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանն՝ անդրադառնալով  «Սպիտակ թուղթ» վերլուծությանը։

Պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը, ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը 8 ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո հրապարակել են զեկույց, որը կոչվում է «Սպիտակ Թուղթ»։ Այն մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության՝ 44-օրյա պատերազմում։ Հետազոտությունը ներառում է աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետեւանքների վերաբերյալ:

Ռոբերտ Այդաբիրյանի խոսքով՝ մինչ մենք Ղարաբաղում դպրոցներ ու այլ ենթակառուցվածքներ էինք կառուցում, Ադրբեջանը իր խոշոր նավթային ծրագրերն էր իրականացնում, տարեկան երեք միլիարդի սպառազինություն գնում, Թուրքիայի հետ ռազմական եւ այլ հարաբերությունները հզորացնում․«Ուստի 2020-ի պատերազմը ծրագրված էր եւ նաեւ նախատեսված էր»։

Պարոն Այդիբիրյանն ասում է՝ զեկույցում մի շարք կարեւոր հարցեր են բարձրացվում՝ արդյոք ՀՀ առաջին ռազմական հաղթանակը մեզ դարձրեց ամբարտավան, ծույլ, կույր, կամ՝ արդյոք մեր պարտությունը մեզ դարձրեց ավելի համեստ, բացեց մեր աչքերը, օգնեց պարզել մեր գերակա խնդիրները, համոզեց մեզ աշխատել ավելի մտածված։

Թալին Փափազյանն էլ հավելեց՝ այս զեկույցը բանավեճի հրավեր է նրանց համար, ովքեր ՀՀ պետականության համար մտահոգ են, թիրախը բոլորն են, բայց նախ՝՝ քաղաքականություն մշակողներն ու քաղաքական էլիտան։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ՀՀ-ն պետք է անմիջականորեն խոսի Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղն էլ պետք է անմիջականորեն խոսի Ադրբեջանի հետ։

Ժիրայր Լիպարիտյանի խոսքով՝ պետք է լրջորեն եւ ազնվորեն վերլուծել     պատերազմում պարտության տանող մտայնությունը, իրականությունն անտեսելու մտայնությունը եւ իրականությունը մեր երազածով փոխարինելու մտայնությունը, որպեսզի կարողանանք խուսափել նույն կրկնելուց։

Պարոն Լիպարիտյանն ասաց, որ փաստաթուղթն ուղարկել են ՀՀ-ում բոլոր քաղուժերին, պաշտոնական կառույցներին, եւ շատերը չեն արձագանքել։ Նա կարծում է, որ լռության պատճառը կարող այն լինել, որ ծանր փաստաթուղթ է, կարդալն ու մարսելն այնքան էլ դյուրին չէ, այս փաստաթղթի ծանրությունն ընդունելը դժվար է։

Հարցին՝ ինչպե՞ս կտեսնեք Ռուսաստանի եւ Արեւմուտքի դերը այս տարածքային անվտանգության տարբեր գործընթացների մեջ, տիկին Փափազյանը պատասխանեց այժմ ՀՀ ի համար շատ կարեւոր է հասկանալ՝ Արեւմուտքն ով է, ասենք՝ Եվրոպա եւ ԱՄՆ․«Արեւմուտքը շատ հետու է, քան մեր անմիջական հարեւանները, որքան հեռավորությունը մեծանում է, այնքան հետաքրքրությունը նվազում է, եւ այդքան պատրաստակամությունը միջամտելու եւ իսկական գործոն դառնալու պակասում է։ Պետք է իրատեսական լինել թե ինչ կարելի է սպասել Արեւմուտքից, այլ ոչ թե պատրանքներով ապրել։ Լեռնային Ղարաբաղի հետ կախված ի՞նչ է պատրաստ անել Արեւմուտքը․հավանաբար, ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որպեսզի ազատագրված տարածքները վերականգնվի, եւ որոշ չափով փորձել ակտիվացնել դիվանագիտությունը, որպեսզի նորից դերակատարություն գտնի ՌԴ-ի կողքին, բայց ոչ շատ հեռու գնալով»։

Ռոբերտ Այդաբիրյանն էլ հավելեց՝ լավ ճանաչելով Ֆրանսիային, պետք է ասել, որ իրենք առաջնորդվում են տնտեսական դիվանագիտությամբ, իրենք կօգնեն ՀՀ-ին եւ Ադրբեջանին, միայն եթե տնտեսական ներդրումներ կամ տնտեսական ծրագրերին կարողանան մասնակցել։

Ժիրայր Լիպարիտյանի ներկայացմամբ էլ՝ ՌԴ-ն միշտ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ է աշխատել, եւ վերջին տարիներին դա հստակ էր․«ՌԴ-ն ձեւականորեն էր Մինսկի խմբի համանախագահողների հետ աշխատում, եւ ՌԴ-ն մի բան անում էր, իրենք հաստատում էին։ Այդպես վերջացավ նոյեմբերի հայտարարությունը։Հիմա ՌԴ դերը ավելացել է եւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ դերը գնացել է Թուրքիային։ ՌԴ-ն, որ մեր դաշնակիցն է, ավելի մեծ դեր ունի, քան առաջ Ադրբեջանի հետ, թե ինչ կպատահի մնացած Արցախի»։ Պարոն Լիպարիտյանը նշեց՝ մեր քաղաքականության մեջ պետք է երկրորդ «պլան» ունենալ՝ եթե ռուսները դուրս գան Արցախից, ինչ կպատահի, քանի որ Ադրբեջանն իրավունքի ունի տարիներ հետո ռուսներին ասել՝ դուրս եկեք։

Պարոն Լիպարիտյանի խոսքով՝ պետք է վերլուծել, թե Արեւմուտքն ինչ պատճառներ ունի տարածաշրջան վերադառնալու համար։ Օրինակ պատճառներից կարող է լինել, այն, որ ԵԱՀԿ-ն եւ Մինսկի խումբը, ըստ Լիպարիտյանի, մտահոգ են, որ դուրս մնացին գործընթացներից, եւ ուրեմն ձախողեցին 92-ին իրենց տրված առաքելությունը․«Հիմա կուզեն այնպես ձեւակերպել, որ չեն ձախողել, իրենք մասնակից են։ Սա լավ պատճառ չէ, որպեսզի հետ գան։ Մյուսն այն է, որ մտածում են, որ պետք գան տարածաշրջան՝ Ղարաբաղն օգտագործելով, որպեսզի ՌԴ ազդեցությունը նվազեցնեն, այսինքն` ներմուծեն այնտեղ սառը պատերազմի մտայնությունը, քաղաքականությունը, որը մեզ համար օգտակար չէ։ Սա կարեւոր է, երբ կմտածենք Արեւմուտքի ոչ միայն այն, ինչ կարան անեն, այլ այն, թե ինչ պետք չէ անեն եւ ավելի բարդացնեն հարցը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031