Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես արծարծվեցին Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց միջազգային հանրության դերակատարությունը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին