Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես հրաժարական տված չլինեի, հիմա դուք Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու». Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին

Հոկտեմբեր 06,2021 20:00

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ կառավարության ղեկավարը չի կարող հաղթահարել ինքն իրեն ու մոտենալ ԱԺ ամբիոնին՝ իր հարցին պատասխանելու համար. «Ամեն դեպքում սա խոչընդոտ չէ բարձրաձայնելու համար այն իրականությունը, որում բոլորս դժբախտաբար ապրում ենք: Այլեւս գաղտնիք չէ, որ այդ անձնավորությունը  բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ՀՀ-ից եւ Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել անգամ: Եվ իր իսկ նշած օպերատիվ կապը ակնհայտ է, որ ծառայելու է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար: Ես ուզում եմ հասկանալ՝ այդ անձնավորությունը ունի՞ գոնե մի կաթիլ հայրենասիրություն, պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ, ում իբր թե  3 տարի ինչ-որ մի կերպ կառավարում է, որ գոնե թողնի գնա՝ թողնելով մեկին, ցանկացածին ով չունի շանտաժի մեջ մտած հարաբերությունը թուրքի հետ, չունի պայմանավորվածություն՝ թուրքին տված ու հնարավորություն տա բոլորին փրկվելու ու փրկելու մեր հայրենիքը»:

Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու պատասխանեց. «Այդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա: Գնացեք ձեր խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ այդ ի՞նչ է պայմանավորվել եւ ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնություն է եղել եւ կարծում եմ, մեր ԱԱԾ մարմինները պետք  ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն այդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին է խոսել ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք խի՞ եք մտել ընդհանրապես»:

Նա հորդորեց, որ Վանեցյանը ասուլիս տա. «Մոդա էր նոյեմբերի 8-ից հետո: Ում գործից հանում էինք, ասում էր՝ հեսա ես ասուլիս եմ տալու ու ամեն ինչի մասին պատմելու եմ: Թող ասուլիս տա, հարցազրույց տա, թղթեր հանի: Եվ զգույշ եղեք, եթե այդ համառությամբ ու հետեւողականությամբ գնաք, կարող է պարզվի՝ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դուրս գաք խմբակցությունից, կամ իրեն հանեք»:

Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ Փաշինյանի հանձնարարությունները տեղ են հասնում ու իրավապահ մարմինները իրենով շատ վաղուց զբաղվում են. «Ինչ վերաբերում է դավաճանության ու դավադրության մասին, վստահ եմ, դրանից ավելի լավ, քան դուք, որեւէ մեկը պատմել չի կարող: Վստահ եմ, հերթը գալու է ձեր պատմելու»:

Աննա Մկրտչյանը հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես հրաժարական տվել եմ: Դուք հիմա այդտեղ նստած եք իմ հրաժարականի արդյունքում: Եթե ես հրաժարական տված չլինեի, հիմա դուք Բաղրամյան պողոտայում խորոված անելիս էիք լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031