ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Լիտվայում մանիպուլյացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե Շուշիում բնակարանները չեն կառուցվել, քանի որ մտադրված են եղել Շուշին տալ: Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, ԱԳՆ-ն հայտարարել է՝ խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշին հանձնելու հարց: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին Շուշին մեր վերահսկողության տակ պահելու մասին խոսել է ՌԴ նախագահը: Գալստյանը թվարկեց Շուշիում իրականացված ներդրումները՝ Եզնիկ Մոզյանի հիմնադրամ՝ 1 մլրդ դրամ, քաղաքային գրադարանի հիմնանորոգում՝ 200 մլն, ճանապարհների նորոգում՝ 700 մլն, Շուշիի երաժշտական դպրոցի նորոգում՝ 700 մլն, մշակույթի կենտրոնի վերականգնում՝ 300 մլն եւ այլն. «Դժվար թե այս ամենի մասին չգիտեիք, պարո՛ն Փաշինյան, եւ ուրեմն ինչո՞ւ եք խեղում փաստերը: Ինչո՞ւ եք շարունակում մանիպուլյացիոն ցանցի մեջ պահել մեր հասարակությանը, ուրանալ մեր անցյալը: Եվ եթե մի շենք նույնիսկ չի կառուցվել, դա չի նշանակում, որ պետք է հաշտվենք մեր հայրենիքի կորստի հետ»:
Փաշինյանը պատասխանեց. «Ձեր թվարկած գումարները ես ինչքան հասցրեցի գումարել, երեւի Հաղթանակ զբոսայգու տարածքում գտնվող 1 տան արժեքով ներդրումային ծրագիր է: Չեմ բացառում, որ երկու, երեք, չորս տան գնով է եղել: Եկեք այդ ամեն ինչը բաժանենք տարիների վրա: Պատերազմից հետո մեզ մեղադրանքներ էին հնչում, որ ԼՂ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքում: Ձեր քաղաքական կողմնակիցներն էին մեղադրում՝ ասելով, որ սադրիչ քայլ է դրանով եղել, որով պատերազմ ենք հրահրել: Բա եթե հրաժարվող էինք, ինչո՞ւ էինք գնում այնտեղ միջոցառում անում: Մոնումենտի 4 առանձնատան գնի չափով ներդրում է արվել, շատ լավ, հետո՞: Ասում եք՝ 1 մլրդ-ի սա է կառուցվել, 300 մլն-ի՝ սա: Մոռանում եք նշել, որ դրամի մասին է խոսքը»:
Լիլիթ Գալստյանի արձագանքն ուշագրավ էր. «Պարո՛ն Փաշինյան, ես հասկացա, որ իմ համար հայրենիքը հայրենիք է, ձեզ համար՝ կադաստրային եւ շուկայական գին, այս պարագայում ձեր հետ խոսելիք ես մեծ հաշվով չունեմ»:
Փաշինյանը պատասխանեց. «Ինձ համար հայրենիքը հայրենիք է, որտեղ ապրում են մարդիկ, որը լքված տարածքի տպավորություն չի թողնում…»: Տեղից Գալստյանը նկատեց՝ լքված բազմաթիվ գյուղեր Հայաստանում էլ կան՝ Փաշինյանը պատասխանեց. «Դրա համար էլ այդ լքված բազմաթիվ գյուղերի ճանապարհները կառուցում ենք, մանկապարտեզները, դպրոցները կառուցում ենք, ջրագիծ ենք քաշում, այ այդպես ենք վարվում լքված գյուղերի հետ: Սյունիքի լքված գյուղերում 1 մլրդ դրամից ավելի ներդրում ենք կատարել 3-4 ամսում: Գյուղերը 40-50 տարի ճանապարհ չի ունեցել՝ կառուցում ենք: Մեզ համար էլ հայրենիքը կենաց չի, մեզ համար հայրենիքը ծրագիր է, որը իրականացվում է: Եթե մեր կառավարությունում հայրենիքի հաշվին միլիարդատերեր դարձած մարդիկ կլինեին, այն ժամանակ կխոսեինք: Եվ ես չեմ կարծում, թե հայրենիքի հաշվին միլիարդատերեր դարձածները կարային այսօր հայրենասիրության մասին դասեր տային»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ