Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքանից հետո, միեւնույն է, ձեզ ե՛ւ դավաճան են անվանում, ե՛ւ կապիտուլյանտ են անվանում». Փաշինյանը բորբոքվեց, Կյուրեղյանը նախազգուշացում ստացավ

Հոկտեմբեր 06,2021 18:40

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ջաբրայիլի, կամ Լելե թեփեի գործողության մասին РВК-ին տված հարցազրույցի հետ կապված: Նա մասնավորապես ասել էր. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որ ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է: Նրանք հարավում ծուղակ են բացել, միջանցք են բացել եւ այնտեղ թողել ադրբեջանցի ռազմական կորպուսը…»:

Կյուրեղյանը հարց ուղղեց. «Իրականում այս գործողության արդյունքում մենք ունեցանք հարյուրավոր զոհեր, կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, իսկ ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն: Հիմա հարց՝ ո՞վ է այս ողբերգական ծանր կորուստներով գործողության պատասխանատուն ու մեղավորը: Դուք, որպես գերագույն գլխավոր հրամանատար, ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ չէ, թե՞ սա էլ «ես մեղավոր չեմ, ինձ սխալ էին զեկուցել» շարքից է»:

Փաշինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ որտեղի՞ց ձեզ այդ տեղեկատվությունը, որ ես ասել եմ՝ մեղավոր չեմ, կամ պատասխանատու չեմ: Ես տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն  ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ, հարյուր անգամ եմ ասել: Չգիտեմ  էլ քանի՞ անգամ պիտի ասեմ: Ինչ վերաբերում է ձեր նշած դրվագին, տվել եմ բազմաթիվ պարզաբանումներ, նորից կտամ. Ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել՝ իրադրությունը փոխելու, հնչել են առաջարկություններ, ես հանձնարարել եմ, որ զինվորականները գնահատեն առաջարկները եւ կայացնեն որոշում, թե ինչ է պետք անել: Զինվորականները ինձ զեկուցել են կայացած որոշման ընթացքի մասին: Նախ, ես Լելե -Թեփեի անունը չեմ տվել: Լելե-Թեփե օպերացիա հասկացություն չի եղել ընդհանրապես: Դա հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե իբր ես ասել եմ՝ ա՛յ, Սերժ Սարգսյանը 2016-ին Լելե-Թեփեն կորցրել է, ինձ համար ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե-Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ  անհեթեթություն է, այդպիսի բան չի եղել ու չէր էլ կարող լինել»:

Փաշինյանը հավելեց, որ մանրամասն հարցազրույցներում ասել է. «Նույնիսկ ով է փախել, ով է, որ կասկածներ կան, տանկերը դիտավորյալ տարել, հատուկ գցել ակոսի մեջ, որ գործողությունը հնարավոր չլինի շարունակել: Այդ ամեն ինչի մասին ասված է ու ձեր խմբակցությունում էլ կան մարդիկ, ովքեր դրա մասին տեղեկություն ունեն»:

Կյուրեղյանը նաեւ հարցրեց՝ լավ, մեղավոր չեք, էլի ասում եք՝ ձեզ սխալ են զեկուցել, ինչո՞ւ հոկտեմբերի 7-ին չկանգնեցվեց պատերազմը. «Ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին նայելով՝ պիտի ասեք գիտեք, ես պատերազմը դադարեցնելու այդ մեծ կամքը չունեցա՝ թեկուզ ինձ դավաճան անվանելու գնով: Այսքանից հետո, միեւնույն է, ձեզ ե՛ւ դավաճան են անվանում, ե՛ւ կապիտուլյանտ են անվանում»:

Փաշինյանը պատասխանեց. «Ձեզ ավելի՛ մեծ դավաճան ու կապիտուլյանտ են համարում, եթե դուք տեղյակ չեք՝ ձեզ տեղեկացնեմ: Ընտրությունների արդյունքները դրա մասին են վկայում: Ձեր դավաճան եւ կապտուլյանտ լինելու մասին առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք: Ես, այո՛, ինձ մեղավոր եմ համարում, այդ թվում՝ բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018-ից հետո: Ձեր խմբակցության անդամ կա, որ ամբողջ օրը հոկտեմբերի 7-ի մասին է խոսում: Անհեթեթ բան է: Հոկտեմբերի 7-ի առաջարկությունն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք բերվել է, որի արդյունքում ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է, Ադրբեջանի ԱԳ նախարարի, ՌԴ ԱԳ նախարարի հետ ստորագրվել է փաստաթուղթ, հրապարակվել է, որը մեր հանրության կողմից լայնորեն ողջունվել է, ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել դա: Ես չեմ հասկանում՝ այդ ամեն ինչը դուք իրո՞ք չգիտեք: Ձեզ թվում է՝ ձեզ համար իրականություն եք ստեղծել…»:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Արմենուհի Կյուրեղյանին նախազգուշացում հայտարարեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031