«Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն, որը հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ճանաչված ֆիլմերով, հանդիպեց կինոսերների հետ:
ՀԲԸՄ գրասենյակում հունգարացի ռեժիսորի հետ զրույցը, որ վարում էր «ՀայՖեստ» թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, բավականին հետաքրքիր անցավ: Հարցին` ի վերջո, իրեն թատրոնի՞, թե կինոյի մարդ է համարում, Մունդրուցոն պատասխանեց. «Ես Հայաստանում կինոփառատոնի եմ մասնակցում եւ այստեղ եմ որպես կինոռեժիսոր: Երբ 18-20 տարեկան էի, ինչպես ցանկացած երիտասարդ փնտրտուքների մեջ էի, փորձում էի պարզել` ով եմ ես, արդյոք տաղանդավոր եմ: Առաջին կարճամետրաժ ֆիլմն էի նկարում, որն ըստ էության դիմում էր համալսարանի համար, հենց ձեռքս վերցրի կամերան եւ սկսեցի նկարել երկու դերասանների, հասկացա, որ կինոռեժիսոր եմ:
Մի խոսքով, ես բեմի վրա աշխատում եմ որպես կինոռեժիսոր: Իհարկե, թատրոնն ավելի կարեւոր է, բայց ես թատրոնի մարդ եմ, երբ ազատ եմ լինում… Երբ երկու ֆիլմերի արանքում ժամանակ է մնում, դու կամ պետք է դասավանդես, կամ գովազդ նկարես, կամ որեւէ այլ գործով զբաղվես, ես էլ այս դեպքում թատրոնին եմ ապավինում եւ գոհ եմ այս երկակիության համար»:
Ռեժիսորի ձեւակերպմամբ, թատրոնն ու կինոն շատ հեռու են միմյանցից եւ նրանց միջեւ մեծ կապ չկա, ու կարծրատիպային է այն մտածելակերպը, թե թատրոնն ու կինոն շատ մոտ են: «Թատերական ֆիլմը շատ վատ բան է, ինչպես վատ է սինեմատիկ թատրոնը…Պետք է հարգել տարբեր ժաների կանոնները, հատկապես որ, ինչ հնարավոր է անել բեմի վրա, անհնար է կինոյում»,-համոզված է մրցանակակիր ռեժիսորը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է իր թատերական անցյալին, նա այդ մասին մի փոքր անկեղծանալով նշում է. «Մի տեսակ թատրոնի դերասանները մի քիչ մանկամիտ են եւ պատասխանատու չեն իրենց աշխատանքի համար: Ես ուզում էի նրանց հասունացնել, տալիս էի սցենարն ու ասում էի` ցտեսություն, ինքներդ պետք է որոշեք ինչպես աշխատել: Իհարկե, լինում էին դժգոհություններ, բայց ի վերջո ստանում էի պահանջված պատասխանատվությունը»:
Կոռնել Մունդրուցոն ասում է, որ իր սերնդի արվեստագետները արեւելյան Եվրոպայի սուրհանդակներն են. «Իմ համալսարանական ղեկավարը ալկոհոլիկ կինեմատոգրաֆիստ էր, ես մտածում էի, որ չեմ ուզում սովորել այդ համալսարանում, բայց հետո շատ օգտակար եղավ այդ փորձառությունն իմ ինքնության համար… Ընդհանրապես կարծում եմ, որ մենք շատ ուժեղ սերունդ ենք, որովհետեւ ստեղծել ենք նոր հունգարական կինոն»:
Կաննի կինոփառատոնում իր 4-5 ֆիլմերի ներկայության մասին խոսելիս ռեժիսորն ասում է, որ հաճելի է, որ իր ֆիլմերը հավանում են, բայց ինքն այնտեղ բարեկամներ չունի, որ իրեն «կանաչ քարտ» տրամադրեն, ապա հավելում է. «Ի դեպ, այնտեղ բռնությամբ լի տեղ է, որովհետեւ եթե ֆիլմերիդ վերաբերյալ դրական գրախոսականներ լինեն, դա շատ լավ է, բայց եթե դրանք վատը եղան, քեզ ուղղակի «կսպանեն»:
Ռեժիսորը համամիտ չէ տարածված այն կարծիքին, որ եթե ֆիլմը հեշտ է ծնվում, ուրեմն անպայման լավն է լինելու, իսկ եթե դժվարություններ է ունենում` անորակ: Որպես օրինակ բերում է իր «Դելտան», որի մի մասը նկարել էր, բայց անսպասելի Դանուբում խեղդվեց գլխավոր հերոսը, 1,5 միլիոն եվրո կորցնելուց, սցենարը ձեւափոխելուց հետո այն վերջապես ավարտին հասցվեց:
«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող իր «Էվոլյուցիա» ֆիլմին էլ անդրադարձ եղավ: Ասաց, որ նկարահանել է 13 օրում, եւ ֆիլմը փոքր բյուջեով ընտանեկան պարտություն է: Մունդրուցոն նաեւ պրոդյուսերական ինստիտուտից խոսեց, ասաց, որ փողի հետ հարաբերությունները պրոդյուսերի միջոցով են կարգավորվում, որն իր լավագույն համալսարանական ընկերուհին է:
Ինչ վերաբերում է «Օսկար» ստանալու համար նախատեսված չափանիշներին եւ համապատասխան թեմաներով ֆիլմերին, Կոռնել Մունդրուցոն նշեց, որ ԱՄՆ-ը գունեղ երկիր է, իսկ եվրոպական տեսակետները ավելի ազգային են. «ԱՄՆ-ում բոլորը նույն անձնագիրն ունեն, բոլորը հավասար են, բայց բոլորին թվում է,որ չկա իրական հավասարություն, հետեւաբար հավասար ֆինանսավորում ստանալու համար, օրինակ, կա ԼԳԲՏ, կանանց շարժում եւ այլն…
Մի անգամ Ավինյոնում դիտեցի Չեխովի «Բալի այգին», որտեղ ընդգրկված էին տարբեր ռասաների դերասաններ` առանց տրամաբանության: Իհարկե, ամեն ինչ գունեղ էր, բայց պարտադիր չէ, որ անպայման ներկայացման կամ ֆիլմի մեջ սեւամորթ լինի: Մենք Հունգարիայում ամբողջությամբ սպիտակամորթ ենք եւ նման բազմազանության խնդիր չունենք: Ընդհանրապես, կարծում եմ, որ պոլիտկոռեկտությունն արվեստում պրոբլեմատիկ է, որովհետեւ արվեստը չի կարող լինել ոչ ազատ, քանի որ նրա առաքելությունը հենց ազատ լինելն է…Եթե արվեստում ինչ-որ բողոք կա, դա մնում է որպես բողոք եւ ոչ թե դառնում արվեստ»:
Կրկին անդրադառնալով իր «Էվոլյուցիա» ֆիլմին, ռեժիսորն ասաց, որ ինքը, թեև հրեա չէ, բայց կինն ու զավակներն են հրեա եւ ընտանիքի միջոցով կապված է այդ համայնքի հետ ու գիտակցում է Հոլոքոստից մնացած տրավմայի ծանրությունը. «Հասկացել եմ, որ ավելի շատ ինքնության հարց կա կապված անցյալի հետ, ինչպե՞ս ենք մենք վերաբերվում անցյալի տրավմային, ինչպե՞ս ենք այն փոխանցում սերնդե սերունդ…
Կարծում եմ տրավման պատասխանատվությամբ պետք է դնել մի կողմ, սակայն չպետք է մոռանալ այդ տրավմայի մասին»: Մունդրուցոն պատասխանելով «Ոսկե ծիրանի» համահիմնադիրներից կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի հարցին` ասաց, որ Ատոմ Էգոյանի` ինքնության փնտրտուքի մասին «Արարատ» ֆիլմը չի տեսել, բայց գիտի, որ հայերն ու հրեաներն ընդհանրություններ ունեն, ու վստահ է, որ ինքնության մասին իր ֆիլմը լավ կընդունվի Հայաստանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ