Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, մանրամասներ ներկայացրեց Իրան իր այցի վերաբերյալ: Նա նշեց, որ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ լավ, գործընկերային, ջերմ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել:
Ինչ վերաբերվում է հանդիպման արդյունքներին, Միրզոյանը նշեց. «Քննարկել ենք նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրը, գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը, Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, տրանսպորտային ուղիների, այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ ենթակառուցվածքների զարգացման մասին: Մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային նշանակություն է ունեցել: Ուզում եմ ողջունել ԻԻՀ-ի դիրքորոշումը՝ մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, այն դրական ազդակները, որ մենք ստանում ենք այս առնչությամբ: Անշուշտ, խոսել ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, դրա բացակայության, այսինքն, փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա եւ չի կարող լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ