Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի եւ այնտեղի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման մասին: Նա նախ մեջբերեց Փաշինյանի խոսքերը. «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ինչու չի կառուցվել: Տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»:
Տիգրան Աբրահամյանը թվարկեց. «Պատերազմից հետո Շուշիում վնասված որեւէ շինություն չի եղել, յուրաքանչյուր մարդ, ով գնացել է Շուշի, մուտքին տեսել են՝ աջ կողմում թանգարաններ, ձախ կողմում՝ վարչական շենքեր, դիմացը՝ հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալուց՝ Տեխնոլոգիական համալսարանը, Գյուղատնտեսական համալսարանը, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական դպրոցը: Առանձնատներ էին, ԿԲ մասնաճյուղն էր, մանկապարտեզներ էին, մշակույթի պալատ, սպայական շենքեր եւ մի շարք այլ հիմնարկներ, տներ, շինություններ: Վերջապես պաշտոնական տեղեկություններով, Շուշի քաղաքում ապրում էր մոտ 4000 բնակիչ: Ուզում էի հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում, եթե եղել է, շրջել է, չէ՞ր արձանագրել այդ բոլոր շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»:
Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար եւ այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որեւէ կասկածի տակ դրվել չի կարող: Ինչ վերաբերում է Լիտվայում իմ ասած հայտարարություններին, դրանք հրապարակվել են եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»:
Տիգրան Աբրահամյանը զարմացավ. «Չհասկացա, եթե շրջել եք, տեսել եք, շատ տարօրինակ է ստացվում ձեր հարցուպատասխանը Լիտվայում: Լիտվայում այլ կերպ էիք ներկայացնում, թե Շուշիում ներդրումներ չեն արվել, նախապատրաստվել է ամեն ինչ՝ տալու համար»:
Կարդացեք նաև
Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը Շուշիի մասին, որ այն դժգույն քաղաք էր ու պնդեց. «Ձեր հնչեցրած հայտարարությունները ամենատարբեր կոնտեքստներում որեւէ ձեւ ո՛չ հասկանալի են, ո՛չ էլ ընկալելի»:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը խոսել է բնակելի շենքեր կառուցելու մասին. «Ի՞նչ կա ոչ հասկանալի: Դուք նշում եք ցանկեր, այդ ցանկը կարելի է տարբեր տեմպերով կարդալ, բայց եթե այդ ցանկը դնենք, կարող է մի էջի վրա չտեղավորվի: Լավ, եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում եւ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում, հլը տեսնենք էդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես որեւէ համեմատության եզրեր ունե՞ն: Այսինքն, ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով, ձեզ թվում է, թե մենակ դո՞ւք եք եղել Շուշիում, էլ մարդիկ չե՞ն եղել, չե՞ն տեսել ինչ վիճակ է այնտեղ տիրում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք ապրում: Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ