«Այսպիսի խայտառակ իրավիճակում մասնավորապես թուրքական ճանապարհների բացումը տնտեսական առումով կարող է կործանարար լինել մեր տնտեսության և պետականության համար ընդհանրապես»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների՝ ապաշրջափակման հետ կապված հայտարարությունների մասին:
Նա հիշեցրեց՝ իրենց իշխանության ժամանակ եղել է հստակ դիրքորոշում, որ դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների. «Ակնհայտ է, որ Թուրքիան այս ազգադավ իշխանությունների հետ առիթը բաց չի թողնելու նախապայմաններ առաջ քաշել, և դրանցից առաջինը Մոսկվայի և Կարսի պայմանագրի վավերացումն է արդեն ՀՀ կողմից և ցեղասպանության խնդրի ի սպառ բացառումը մեր պետական արտաքին քաղաքականության օրակարգից»:
Գագիկ Մինասյանը նշեց՝ 5-10 տարի առաջ ՀՀ-ն լրիվ այլ հնարավորությունների տեր երկիր էր ու պարզաբանեց. «Թուլացած այս պետական ինստիտուտների պարագայում իրավիճակն այլ է: Այսօր պետական բարձր պաշտոններում գտնվում են մարդիկ, որոնք պետականության զգացում անգամ չունեն, մասնագիտական որևէ կարողություն չունեն. նրանց ցանկացած միտք կարելի է դնել ու մասնագիտական առումով ոչնչացնել: Այս պարագայում ապաշրջափակումը չափազանց վտանգավոր է: Այս անգամ արդեն տնտեսական անեքսիա տեղի կունենա: ՀՀ-ում գյուղատնտեսությունը կաթվածահար կլինի, քանի որ Թուրքիան կարող է սուբսիդավորել իր գյուղատնտեսական արտադրանք արտահանող ընկերություններին, և ՀՀ գյուղացուն ուրիշ բան չի մնա, քան թողնել իր հողը և հեռանալ ՀՀ-ից: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, Աջարիայում և ոչ միայն, շատ ավելի ագրեսիվ ձևով կիրականացվի ՀՀ-ում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ