«Այս պահին չեմ պատասխանելու Արսեն Թորոսյանի ասածներին. դրա ժամանակը կգա»,-Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:
Նա Արսեն Թորոսյանին հարցրեց՝ մեր խոսակցության ժամանակ, երբ հեռախոսազրույց ենք ունեցել, Դուք ինձ կոնկրետ հարց ե՞ք տվել՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն ՊՎԾ աշխատակիցների՞նն է, ես Ձեզ պատասխանել եմ՝ այո՞, թե՞ դուք իմ պատասխաններից եք նման ենթադրություններ արել:
Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Առաջին խոսակցության՝ ավտոկլավի ժամանակ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի անունը նույնիսկ չեմ իմացել. խոսքը եղել է հետաքրքրվածության մասին: Դրա համար է զանգը տեղի ունեցել: Մյուս խոսակցության ժամանակ, երբ ինձ հայտնի է եղել, որ կա նման ՍՊԸ, և այդ անձանց միջամտությամբ փորձում են տենդեր «հաղթեցնել», այդ ժամանակ անունը տրվել է»:
Դավիթ Սանասարյանը կրկին հետաքրքրվեց՝ իմ կողմից ստացե՞լ եք ուղիղ պատասխան, որ այո, իմ աշխատակիցներինն է այդ կազմակերպությունը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Չեմ հիշում նման բան, նախաքննական ցուցմունքի մեջ էլ չեմ հիշում՝ տենց բան ասած լինեմ»:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանն ասաց՝ միակ ապացուցող բանը «Զորաշեն»-ի հետ կապված հաղորդակի գրագրությունն է ու շարունակեց. «Եթե ես ուղիղ ասած լինեի, որ այո, իմ աշխատակցին է պատկանում, Դուք ոչ թե 17 տոկոսի մասին կհիշատակեիք մեսենջերի խոսակցությանը, այլ հենց մեր խոսակցությանը: Նախաքննության ժամանակ ասում էին, որ մեսենջերի չաթին նախորդել է հեռախոսազրույց: Եթե ես Ձեզ հեռախոսազրույցում ուղիղ ասեի, որ ընդունենք՝ «Զորաշեն»-ը պատկանում է Սամվել Ադյանին, բնականաբար, դուք մեր գրագրության մեջ հղում կանեիք մեր խոսակցությանը: Առհասարակ ինձ իմ աշխատակիցները ներկայացրել են, որ կա կազմակերպություն, որը 17 տոկոս աշխարհում սփռվածություն ունի: Այնպես որ, եթե նախապես ասեի Ձեզ, որ դա պատկանում է ՊՎԾ աշխատակցին, արդյոք հղում չէի՞ք անի նախապես մեր խոսակցությանը, բա հարց կտայիք՝ ո՞նց չգիտես, որ դա ՊՎԾ աշխատակցինն է»:
Արսեն Թորոսյանն ասաց. «Այս հարցն առերեսման ժամանակ տրվել է: Չաթում Սանասարյանը չի ասում՝ ես չգիտեմ, ասում է՝ ինձ չի հետաքրքրում: Դրանք տարբեր բաներ են: Ես որևէ տեղ չեմ ասել, որ պարոն Սանասարյանն ուղիղ տեքստով ասել է՝ այո, «Զորաշենը» պատկանում է Սամվել Ադյանին կամ ինչ-որ մեկին: Նշել եմ, որ ես ինքս եմ դրա մասին բարձրաձայնել և այդ չաթի ժամանակ, երբ նա ասել է՝ ինձ չի հետաքրքրում՝ ումն է, այդ պահին հղում անելով խոսակցության համատեքստի քննարկման թեմային՝ ասել եմ, եթե չի հետաքրքրում ու չգիտես, ո՞նց է, որ այդ թիվը գիտես, թե՞ դա ընդհանուր շուկայի ուսումնասիրության արդյունք է, որ բոլոր բրենդները գիտեն, թե՞ կոնկրետ ուղիղ կապ ունի, որ ինքը գիտի, որ «Զորաշեն»-ը Սամվել Ադյանինն է»:
Դավիթ Սանասարյանն այս առիթով իրենց գրավոր չաթի խոսակցությունից մեջբերում արեց. «Պարզապես մի մեջբերում անեմ չաթից: Ասել եմ՝ Արսեն ջան, «Զորաշենը» չգիտեմ՝ ինչ կազմակերպություն է, ինձ չի հետաքրքրում»:
Հետո էլ ասաց՝ այլ հարց չունի ու հայտարարեց. «Հետո բոլորս կտեսնենք՝ անկախ նրանից արանքում ով, ինչ շահ է հետապնդում կամ՝ ոչ, ՊՎԾ գործունեության արդյունքում պետությունը շահել է»:
Արսեն Թորոսյանի հարցաքննությամբ դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ