Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ջահել տղա եմ, հայ տղա եմ, չեմ ուզում գնամ Ռուսաստանում ապրեմ, ինչի՞ եք դրդում` լքեմ իմ երկիրը». հադրութցիները բողոքի ցույց արեցին

Հոկտեմբեր 06,2021 14:25

«Երեք անչափահաս երեխա ունեմ, 120 հազար դրամ բնակվարձ եմ տալիս, ձմեռը մոտենում է, կոմունալները պետք է վճարենք, ո՞նց անենք: Մեր հարցերը չեն կարողանում լուծեն՝ թող մեզ փախստականի կարգավիճակ տան՝ գնանք ուրիշ երկրների դիմենք՝ մեզ ընդունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հադրութի Դրախտիկ գյուղից տեղահանված բնակիչ Արմեն Հովսեփյանը:

Այս պահին Հայաստանի եւ Արցախի կառավարությունները դադարեցրել են տեղահանված հադրութցիների սոցիալական աջակցությունները, ինչի առիթով էլ այսօր նրանք ՀՀ կառավարության առջեւ բողոքի ցույց էին անում: Արմեն Հովսեփյանն ասում է՝ 16 տարեկան է եղել, երբ արցախյան առաջին պատերազմին մասնակցել է, երկրորդ պատերազմը 2016-ին է տեսել, երրորդին էլ՝ 50 օրից ավել մարտի դաշտում է եղել:
«45 տարեկան եմ, 3 պատերազմի եմ մասնակցել: Էլի պատերազմ լինի՝ գնալու եմ, չեմ վախենում, ավելի լավ է պատերազմում մեռնեմ, քան սենց ապրեմ»,-ասում է Արմենը:

Նրա խոսքով, եթե իրենց Ստեփանակերտում բնակարան տան, նշանակում է՝ պետք է Հադրութից «ձեռ քաշեն». «Ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, իրանց օգնությունն իրենց լինի, մենք մեր Հադրութն ենք ուզում, գնանք, մեզ համար ապրենք: Մեզ մուրացկանի տեղ են դրել, ամեն անգամ պիտի գանք, ցույց անենք, որ մեր խնդիրներով զբաղվե՞ն: Հադրութում ես ինձ համարել եմ միջին պայմաններով ապրող, ունեցել եմ 4 ավտոմեքենա, 6 խոշոր գլուխ անասուն, երկու հարկանի տուն: Հիմա ե՞ս եմ մուրացկանը, թե նրանք, որոնք մեզ մուրացկան են համարում»:

Արմենի խոսքով, բացի սոցիալական խնդիրներից` անվտանգության երաշխիքներ էլ չկան՝ երեք ու կես տարի հետո ի՞նչ է լինելու:
«Նախնիներս եկել են Արեւմտյան Հայաստանից, տուն-տեղ են դրել, հայրս տուն է սարքել, ես սարքել եմ, հիմա զրոյի վրա դուրս ենք եկել, ոչինչ չենք կարողացել հանել: Հիմա էլ գնամ, նորից կառուցեն, ասեն՝ Ադրբեջա՞ն է: Ինչ անենք, մեր նատուրան էնպես է, որ ուր գնում ենք՝ սարքում ենք: Պատը մրոտված է մաքրում ենք, քանդված ա՝ կառուցում ենք»:

Հադրութից տեղահանված Արթուր Ստեփանյանին կառավարությունից փոխանցեցին, որ այս պահին ծրագրերը մշակման փուլում են, այս շաբաթվա վերջ հստակ որոշում կլինի. «Ամսական 50 հազարական դրամների հարցը բարձրացրի: Խոսք էր գնում թոշակառուներին 50 հազարական դրամներից զրկելու մասին, բայց ես ասացի, որ, եթե զրկեք, այդ մարդիկ, ընդհանրապես, ապրելու միջոց չունեն: Ասել ենք նաեւ, որ մեր բնակվարձերի հստակ ծրագիր մշակեն եւ մինչեւ մեզ բնակարաններով չապահովեն, այդ գումարները չդադարեցնեն»:

Ըստ Արթուր Ստեփանյանի, կառավարությունից նաեւ հայտնել են, որ ծրագիրը ուժի մեջ մտնելու դեպքում սեպտեմբեր ամսվա չտրամադրած գումարներն էլ հատկացվելու են:

Հադրութցիները երթով շարժվեցին դեպի Երեւանում Արցախի հանրապետության ներկայացուցչության շտաբ: Հադրութցիներից մեկի խոսքով, այս պահին շատերը չեն կարողանում բնակարանների վարձերը վճարել եւ նրանցից պահանջել են բնակարանները լքել, այդ պատճառով իրենք այնքան ժամանակ են մնալու Արցախի շտաբում՝ մինչեւ որ Հայաստանի եւ Արցախի կառավարությունները բնակվարձերի հարցերը չլուծեն:

«Ես ջահել տղա եմ, հայ տղա եմ, չեմ ուզում իմ երկիրը լքեմ՝ գնամ Ռուսաստանում ապրեմ, ինչի՞ եք դրդում լքեմ երկիրը»,-ասում էր Հադրութի բնակիչը, որն իր համերկրացիներին կոչ արեց շտաբից չհեռանալ այնքան ժամանակ՝ մինչեւ որ իրենց խնդիրը լուծվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031