«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում մեծ ոգևորություն առաջացրեց տեղեկությունը, որ բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը։ Նա ծնունդով Բեյրութից է, հետո տեղափոխվել և ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում:
Չափումները ժամանակակից աշխարհում ենթակա են որոշակի հավաքականության՝ պետական կամ այլ կազմավորումների տեսքով: Ու այդ առումով, այդօրինակ տեղեկություններով ոգևորությամբ հանդերձ, հայ ժողովրդի համար, թերևս, գերխնդիր կամ առաջնահերթություն է մնում համաշխարհային կյանքում հավաքական հաջողության, մասնակցության, դերակատարման հարցը: Իսկ այդ իմաստով առանցքում թերևս պետք է լինի հայկական պետականությունը:
Հայաստան պետությամբ է, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա գտնել համաշխարհային կյանքում իր հավաքական, սուբյեկտային ներկայացվածության և դերակատարության, նաև կարևոր հաջողությունների և ձեռքբերումների ճանապարհը: Հայաստանում պետք է ստեղծվի այն միջավայրը, որը թույլ կտա թե մեր հայրենակիցների, թե այլ ազգերի ներկայացուցիչների ապրել ու աշխատել, Հայաստանում ստեղծելով և հայտնագործելով բաներ, որոնք կունենան համաշխարհային ուշադրություն, նշանակություն, հռչակ և գնահատում՝ որպես Հայաստանի միջավայրի ծնունդ, անկախ դրա հեղինակի ազգային պատկանելությունից:
Կարդացեք նաև
Դա է լինելու Հայաստանի, հետևաբար նաև հայության հաջողությունը, որում իրենց մասը կարող են ունենալ նաև բարեկամ ժողովուրդների և ազգերի ներկայացուցիչներ, այդպիսով նաև հավելյալ վկայություն լինելով, թե ապրելու, աշխատելու և ստեղծելու համար ինչպիսի շահեկան ու գրավիչ միջավայր է հայկական պետությունը: