Նոյեմբերի 14-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններին առաջադրվելիք քաղաքական որեւէ ուժ դեռ անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով, բայց արդեն թեկնածուները հայտարարում են իրենց մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Կապան համայնքի ավագանու 15 անդամից 8-ը ինքնաբացարկ ներկայացրին, եւ Կապանում նշանակվեցին արտահերթ ընտրություններ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարելու է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Նա երեկ տեսաուղերձ է հղել ընտրողներին։ Ըստ նրա՝ առաջիկայում կներկայացնի ավագանու թեկնածուների ցուցակը, որը կազմվելու է համայնքում վաստակ ունեցող անձանց միավորելու սկզբունքով:
«Իմ նախընտրական ծրագիրը ստեղծվելու է «մաքուր գրատախտակի» ձեւաչափով՝ մասնագիտական հանրույթի, կազմակերպությունների ու բնակիչների հետ brainstorming-ի եւ այլ ձեւաչափերով քննարկումների միջոցով ստեղծվելու է Կապան համայնքի զարգացման մեր ծրագիրը:
Կարդացեք նաև
Բոլոր քաղաքացիները մաս են կազմելու մեր հնգամյա ծրագրի ստեղծման աշխատանքներին, բոլոր քաղաքացիները աշխատելու են միասնական կերպով հանուն մեր համայնքի զարգացման: Այս ընտրությունները անձնական ամբիցիաների մասին չեն: Այս ընտրությունները համայնքի ապագայի մասին է»,-ասել է նա:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը (լուսանկարում) նույնպես առաջադրվելու է։ Դեռեւս պաշտոնական հայտարարություն չկա, բայց նա կգլխավորի Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը։ Նրան սատարելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Որեւէ քաղաքական որոշում կամ հայտարարություն չկա դեռ, բայց չեմ էլ ասում չենք սատարելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Հայրապետյանը։ Ի դեպ, Աշոտ Հայրապետյանը Կապանի նախկին համայնքապետն է, որը հրաժարական ներկայացրեց 2018թ-ի հեղափոխությունից հետո եւ ընտրվեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը։
Կապանի ներկայիս համայնքապետ Գեւորգ Փարսյանը հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին կապանցիներին հորդորել էր չընտրել Նիկոլ Փաշինյանին եւ սատարեց Ռոբերտ Քոչարյանին։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունում, մեր տեղեկություններով, դեռ հստակ որոշում չունեն, քննարկումների մեջ են։
Ըստ մեր աղբյուրների՝ ՀՅԴ-ն դեռ հստակ որոշում չունի, բայց չի բացառվում աջակցեն Գեւորգ Փարսյանին։
Մեկ այլ շրջանառվող տարբերակի՝ Գեւորգ Փարսյանը մտադիր է «Շանթ դաշինք»-ի եւ մեկ այլ կուսակցության հետ կազմել «Փարսյան» դաշինք եւ առաջադրվել այդ դաշինքով։
Կապանում ավագանու համամասնական ընտրությունները անցկացվելու են առաջին անգամ։ Ավագանին նախկին 15 հոգու փոխարեն կազմված է լինելու 27 հոգուց։
Փաստաթղթերի առաջադրման վերջին ժամկետը կիրակի է՝ հոկտեմբերի 10-ին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ