ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5-ը հոկտեմբերի, 2021թ. – Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5 տոկոս, նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի տնտեսական տեսության ամենավերջին խմբագրված տարբերակում:
Վերականգնումը մեծապես պայմանավորված էր այս տարվա առաջին կիսամյակում եվրոգոտում գրանցված ակտիվության արագ վերականգնման և ապրանքների գների շեշտակի աճի պայմաններում արտահանումների հզոր վերականգնմամբ, ինչպես նաև պատվաստումների և աջակցության փաթեթների տրամադրման արդյունքում ներքին պահանջարկի աճով: Արտահանումների աճի տեմպը, ինչևէ, կարող է թուլանալ այսօր աշխարհում, այդ թվում տարածաշրջանում «ՔՈՎԻԴ-19»-ի առավել վարակիչ տարբերակների տարածման պատճառով, որի արդյունքում տարածաշրջանում արդեն ընկել է ներքին պահանջարկի վերականգնման տեմպը:
Կանխատեսվում է, որ 2022թ. տարածաշրջանային աճի տեմպը կդառնա չափավոր և արտաքին ու ներքին պահանջարկի կայունացման և համավարակի առնչությամբ տրամադրվող աջակցության դադարեցման պայմաններում կկազմի 3.4 տոկոս: Կանխատեսումը մնում է չափազանց անորոշ՝ հաշվի առնելով, որ համավարակը պահպանվում է, հատկապես պատվաստանյութի անհավասար հասանելիության և պատվաստում ստանալու խնդրում մարդկանց տատանողականության պայմաններում: Տարածաշրջանային վերականգնումը ուղեկցվում է արագորեն մեծացող գնաճով և պահպանում է իր խոցելիությունը ֆինանսական սթրեսի նկատմամբ, որը կարող է ի հայտ գալ արտաքին ֆինանսավորման պայմանների կտրուկ խստացման կամ քաղաքականությունների անորոշության և աշխարհաքաղաքական լարվածությունների շեշտակի խորացման արդյունքում:
«Համավարակը շարունակում է ձևավորել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարը: Ինչևէ, տարածաշրջանում պատվաստումների թվի աճի պայմաններում քաղաքականություն ձևավորողներն այժմ կարող են ուշադրությունը կենտրոնացնել հետ-համավարակային շրջանում վերականգնման ներառականությունը, դիմակայունությունը և տևականությունն ապահովելու վրա: Ձեռնարկատիրական գործունեությունը դյուրինացնող և մասնավոր հատվածի դինամիզմը խթանող մրցակցային գործարար միջավայրի ապահովումը կարևոր է երկարաժամկետ աճի համար», – ասաց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով Համաշխարհային բանկի Նախագահի տեղակալ Աննա Բյուդը:
Կարդացեք նաև
Համաշխարհային բանկի Ձեռնարկությունների հետազոտությունների և Բիզնեսի զարկերակի հետազոտությունների տվյալների հիման վրա կատարված «Մրցակցությունը և ընկերությունների վերակագնումը «ՔՈՎԻԴ-19-ից» հետո» հատուկ վերլուծության արդյունքում պարզվել է, որ համավարակը տարբեր ուժգնությամբ խորապես ազդել է ընկերությունների վրա: Տարածաշրջանում գործող ընկերությունների ամսական շրջանառությունները և լրիվ հաստիքով աշխատող աշխատողների թիվը միջինում էապես ընկել են: Ընթացիկ տարվա մայիսին ամեն չորս ընկերություններից մեկն ակնկալել է, որ հաջորդ վեց ամսում կունենա չմարված պարտավորությունների գծով ապառքներ: Ավելի փոքր, երիտասարդ և կանանց կողմից ղեկավարվող տնտեսվարողների մոտ սկզբնական անկումից հետո շրջանառությունը չի բարելավվել:
Ճգնաժամերը կարող են կործանարար լինել շատ ընկերությունների համար, բայց հաճախ ունեն իրենց դրական կողմը, այն է՝ ռեսուրսները վերաուղղվում են նվազ արդյունավետ ընկերություններից դեպի առավել արդյունավետները: Սրա ապացույցներն առկա են նաև Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, հատկապես առավել մրցակցային շուկաներ ունեցող երկրներում: Անշուշտ, նախքան ճգնաժամը աշխատուժի ավելի բարձր արտադրողականություն ունեցած ընկերություններում գրանցվել է շրջանառության և աշխատողների թվաքանակի ավելի փոքր կրճատում՝ համեմատած նախաճգնաժամային փուլում աշխատուժի ցածր արտադրողականություն արձանագրած ընկերությունների հետ: Բացի այդ, առավել արդյունավետ ընկերությունների շրջանում ավելի մեծ էր առցանց գործունեության և հեռավար աշխատանքի աճի միջոցով ճգնաժամային պայմաններին հարմարվելու միտումը:
«Մրցակցության դերը կարևոր է, որովհետև այն կապված է դինամիզմի հետ, շահադրդում է ընկերություններին լինել նորարար, ստիպում է առավել արդյունավետ ընկերություններին մուտք գործել շուկաներ և աճել՝ միևնույն ժամանակ դյուրինացնելով նվազ արդյունավետների ելքը», – ասաց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով Համաշխարհային բանկի Գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Կունտը: «Առավել մրցակցային շուկաներ ունեցող և մրցակցության պաշտպանության ավելի հզոր քաղաքականություններ վարող երկրներում է´լ ավելի ակնառու էր ռեսուրսների վերաուղղումը դեպի առավել արդյունավետ ընկերություններ:»
Շատ կառավարություններ քաղաքականությունների մակարդակում իրականացրեցին աջակցության ընդգրկուն ծրագրեր՝ ուղղված ճգնաժամի սկզբնական տնտեսական բացասական հետևանքներին անհապաղ արձագանքմանը: Այդ քաղաքականություններն ապահովեցին անմիջական օգնություն, որը պաշտպանեց ընկերություններին ու աշխատողներին վատթարագույն հետևանքներից: Թեև պետական աջակցության միջոցառումների ծածկույթը տարբեր երկրներում մեծապես տարբեր էր, սակայն ընկերությունների միջինում 50 տոկոսը նշել է, որ համավարակի տնտեսական բացասական հետևանքներին արձագանքման շրջանակում ստացել է որոշակի պետական աջակցություն:
Ընդհանուր առմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պետական աջակցություն ստացած ընկերությունների շրջանում ավելի մեծ է նվազ արդյունավետ ընկերությունների թիվը, և ավելի խոշոր ընկերությունները ստացել են աջակցություն վճարումների երկարաձգման և հարկաբյուջետային արտոնության տեսքով, իսկ աջակցության միջոցառումներն ուղղվել են ընկերություններին՝ նախքան ճգնաժամը նրանց ունեցած նորարարության մակարդակից անկախ:
Կարևոր է, որ տնտեսական վերականգնման փուլ թևակոխելուն զուգընթաց բոլոր երկրների քաղաքականություն ձևավորողները նպատակահարմար պահին փուլային տարբերակով դադարեցնեն աջակցության միջոցառումները և ուշադրությունը կենտրոնացնեն մրցակցային գործարար միջավայրի խթանման վրա, ինչը հանգուցային նշանակություն ունի ամուր վերականգնման, ապագա ճգնաժամերի նկատմամբ դիմակայունության, կայուն ու տևական տնտեսական աճի համար:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասը կարող են բարելավել ամուր մրցակցային միջավայրի և´ ինստիտուցիոնալ դաշտը, և´ օրենսդրության կիրարկումը, ներառյալ անվճարունակության և վիճելի հարցերի լուծման ընթացակարգերի հզորացմանը, նոր ընկերությունների մուտքի դյուրինացմանը և բիզնեսի վարկավորման համար ֆինանսական հատվածի կարողության բարելավմանն ուղղված քաղաքականության մակարդակի բարեփոխումները:
Համաշխարհային բանկ