«Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի այնպիսի իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն տրված խոստումները կյանքի կոչել եւ ակնհայտ դարձնել այն հանգամանքը, որ որեւիցե խոստում՝ փաստաթղթի շրջանակներում կամ դրանից դուրս, որեւէ հայկական նպատակադրում չունի: Եվ, որ մենք ասում ենք, որ ՀՀ-ն այս տարածքում փաստացի դարձել է վարչատարածքային միավոր եւ ոչ մի սուբյեկտայնություն չունի, մեզ ամեն անգամ ասում են՝ մի չափազանցրեք իրականությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Հայաստանն իր օդային տարածքը տրամադրել է Ադրբեջանին՝ թռիչքներ իրագործելու համար, այն դեպքում, երբ Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի համար եւ արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն Ադրբեջանին Սյունիքով միջանցքն արդեն տրամադրել է, ինչն Ադրբեջանի երազանքն է:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ մենք ունենք զավթված միջպետական ճանապարհ, խոսքը Գորիս-Կապան ճանապարհի մասին է, որը ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել, իբրեւ փոքրիկ միջադեպ: Աննա Մկրտչյանը հերթական խայտառակությունն է համարում նաեւ այն, որ տեղեկատվությունը՝ Ադրբեջանին օդային տարածք տրամադրելու մասին, ՀՀ պաշտոնական շրջանակները չեն հրապարակում, այն եւ շատ այլ տեղեկություններ մեր հասարակությունը ստանում է ադրբեջանական շրջանակներից:
Այս ֆոնին ընդդիմադիր պատգամավորը բնավ պատահական չի համարում, որ ԱՄԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խուսափեց խոսել այն մասին, որ հայկական պետությունների դեմ պատերազմը սանձազերծել են մի քանի պետություններ՝ Թուրքիան, Պակիստանը եւ այլն, եւ որ եղել են վարձկաններ: Այսպիսով, ըստ Աննա Մկրտչյանի, Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անգամ միջազգային հանրության զսպող հնարավորություններն օգտագործել, փոխարենն, ամեն անգամ Թուրքիային եւ Ադրբեջանին չգրգռող, հանգստացնող հայտարարություններ անելով: Այս ամենն, ըստ նրա, խոսում է այն մասին, որ ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլ նաեւ մարդ չկա, որ այդ համակարգն ուզում է պահպանել:
Հիշեցնենք, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի: Ընդդիմադիր պատգամավորը զարմացած է Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից, քանի որ որեւէ մեկը չի պնդել, թե Հայաստանն Իրանի դեմ դավադրական գործողությունների մեջ է, հակառակը, միշտ խոսվել է բարեկամության եւ բարիդրացիության մասին: «Փաստորեն, մենք մեր հարեւանների եւ բարեկամների հետ հարաբերություններում այնտեղ ենք հասել, որ ստիպված իրենց երաշխիքնե՞ր ենք տալիս»,- հարց հնչեցրեց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ սա խոսում է այն մասին, թե ո՞ւր է հասցրել Նիկոլ Փաշինյանը մեր պետության հարաբերությունները՝ հարեւան-բարեկամ-դաշնակից երկրների հետ. նույն իրավիճակն է նաեւ ՌԴ-ի պարագայում:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորն այս ամենը համարում է հետեւանք նրա, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին խաղացողներին՝ անկախ նրանք մեր դաշնակիցներն են, թե թշնամիները, տվել է տարբեր տեսակի խոստումներ եւ տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է խոստման իրականացմանը, իսկ Նիկոլ Փաշինյանը, աթոռի ժամկետը երկարացնելու համար, ամեն անգամ ինչ-որ կերպ տարաժամկետում է այդ խոստումների իրականացումը: Իսկ սա խիստ բացասական է ազդում ՀՀ վարկի վրա:
Հետհայացք նետելով՝ ընդդիմադիր պատգամավորն արձանագրում է, որ 2018-ին, Նիկոլ Փաշինյանի հայտարարած սերն ու թավիշն ուղղված էին մեր թշնամական պետություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ