«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանությունը հոկտեմբերի 4-ին սկսել է հետաքննել Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառումը, որում, ըստ իրավապահների՝ պարունակվում են Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ:
Հոկտեմբերի 5-ին ստացված գրությունը փոխանցվել է հետաքննության բաժանմունք: Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ սա Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումների առնչությամբ երկրորդ գործն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 9-ին Շենգավիթի ոստիկանությունը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից բաժին գրություն է ստացել, որ սեպտեմբերի 4-ին Սոնա Աղեկյանը Ֆեյսբուք սոցցանցում կատարել է գրառում «Թուրք Նիկոլ. երազանքներումդ բարձր են հնչում տանջանքի ու ցավի խլացած աղեկտուր ձայները, դրանք քո ստահակ լինելու հետևանքներն են»:
Սոնա Աղեկյանը իր ՖԲ էջում այս առնչությամբ հայտնել է. «Օրերս ինձ այցելեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ. պատճառը, իմ այս գրառումը, որը, պետք է ուսումնասիրեն և ՀՀ քրեական օրենսգրքի 137-ի 1-ին կետով նյութեր նախապատրաստեն, որն է.
Կարդացեք նաև
Հոդված 137.
Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հուշում. նման դեպքերում, գոնե առաջադրեք անձին ինքնասպանության հասցնելու մասին ինչ որ մի հոդված, թե չէ սպանություն»: