Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ առողջապահության նախարարության ո՞ր աշխատակիցներն են իրեն հայտնել և մասնավորապես ըստ դրա՝ ՊՎԾ ո՞ր աշխատակիցներն են հետաքրքրված եղել ավտոկլավի մրցույթով: Արսեն Թորոսյանն ասաց. «Նախարարության գնումների վերաբերյալ ինձ ի պաշտոնե նախարարության գնումների պատասխանատու գլխավոր քարտուղարի ժ/պ Հարություն Հարությանն է հայտնել դրա մասին՝ ինձ ներկայացնելով, որ մրցույթում պրոբլեմատիկ հարց կա սերտիֆիկատի մասով, որի մասով հետաքրքրված են ՊՎԾ աշխատակիցներ»:
Նա նշեց՝ Դավիթ Սանասարյանի հետ խոսակցության ընթացքում հայտնել է, որ «Զորաշեն» կազմակերպությունը լավ գին է առաջարկում, որ մրցույթի հնարավոր հաղթող է լավ գին առաջարկողը: «Չեմ կարող հիշել՝ պարոն Սանասարյանը ինչ է ստորագրել, կարծում եմ՝ փաստականը կարելի է պարզել, բովանդակայինը եղել է այն, որ հաջողության չհասնելուց հետո այց է տեղի ունեցել ստուգման շրջանակներում, որպեսզի ճնշում գործադրվի ԲԿ-ի վրա: Չնայած այդ ամենը ներկայացվել է որպես այդ դաշտում մրցակցության ապահովմանն ուղղված քայլ, ինչին դեմ չեմ: Բայց եթե կա տնտեսական շահ պետական պաշտոն զբաղեցնող աշխատակցի կողմից, դա այդքան էլ մրցակցության համար չէ»:
Նա նշեց՝ մանրամասներ չի կարող հայտնել իր ու Դավիթ Սանասարյանի հետ զրույցից, միայն վերհիշեց. «Բառացի չեմ կարող ասել ուղիղ խոսքերը: Խոսակցություն է եղել այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում, անթույլատրելի է և վտանգ է ներկայացնում պացիենտների կյանքի համար, և չի կարելի դա անել: Ես ստացել եմ պատասխան, որ դա արվում է շուկայում մենաշնորհներ կոտրելու նպատակով: Բայց հասկանալի է, որ կոտրողը մի ընկերություն պետք է լիներ, որը երբևէ բժշկական սարքավորումներով չի զբաղվել, այլ կահույք է արտադրել և նրա հետ փոխկապակցված անձի՝ պետական պաշտոն զբաղեցնելուց հետո է միայն որոշում կայացրել զբաղվել բժշկական սարքավորումներով»:
Այս առիթով Արսեն Թորոսյանը տվեց Գևորգ Խաչատրյանի անունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ