«Հանրապետություն» կուսակցության Դիլիջանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արմեն Ուլիխանյանը 2021 թվականի օգոստոսի 17 -ին դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:
Ուլիխանյանի սնանկության մասին տեղեկությունը տեղադրվել է «Դատալեքս» կայքում:
Պարզվում է, որ 2021թ. հունիսի 10-ին Արա Մուտաֆյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան՝ Արմեն Աշոտի Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիմքում դիմողը հայտնել է, որ վերջինս Արմեն Ուլիխանյանի հետ 2020 թվականի նոյեմբերի 12-ին կնքել է պայմանագիր, որով կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են սահմանել փոխառության գումարի՝ 800 000 ԱՄՆ դոլար և սահմանված 50 000 ԱՄՆ դոլար տուգանքի վճարման նոր ժամկետ:
Կարդացեք նաև
Ըստ պայմանավորվածության՝ Ուլիխանյանը պարտավորվում էր մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ամբողջությամբ վճարել փոխառության գումարը և տուգանքի գումարը, ընդհանուր՝ 850 000 ԱՄՆ դոլար:
Իսկ նշված ժամկետում պարտավորությունը չկատարելու դեպքում՝ Ուլիխանյանը պարտավորվում էր վճարել տուգանք՝ 100 000 000 ՀՀ դրամի չափով:
Դիմողը հայտնել է, որ պայմանագրի կնքումից հետո Ուլիխանյանը որևէ վճարում չի կատարել և արդյունքում Ուլիխանյանի ունեցած պարտքը կազմել է 850 000 ԱՄՆ դոլար և 100 000 000 ՀՀ դրամ, որից 800 000 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումար, իսկ 50 000 ԱՄՆ դոլարը և 100 000 0000 ՀՀ դրամը՝ տուգանք:
Այսպիսով` դիմողը պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ, որը վերջինս չի վիճարկել սահմանված ժամկետում, ինչի արդյունքում դատավոր Լիլիթ Կատվալյանի գլխավորությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին որոշում է կայացվել բավարարել Արա Մուտաֆյանի դիմումը և Ուլիխանյանին ճանաչել սնանկ՝ հետևաբար արգելանք դնել վերջինիս գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
Ի դեպ, Արմեն Ուլիխանյանին է պատկանում նաև Դիլիջանի միակ «Մանուշակ» կինոթատրոնը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Դիլիջանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցում են 5 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ