Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ տվյալ չունեմ, որ Դավիթ Սանասարյանը հատուկ թույլ է տվել ՊՎԾ աշխատակիցներին դա անել՝ իմանալով, որ իրենք տնտեսական շահ են հետապնդում». Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 06,2021 11:44

«Կարծում եմ՝ այդ գործունեությունը ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնական դիրքի օգտագործումով տնտեսական շահ ստանալուն է միտված եղել»,- Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով  դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Խոսելով այդ ամենում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի ներգրավվածության մասին՝ նա ասաց. «Ինչ վերաբերվում է Դավիթի Սանասարյանի անմիջական ներգրավվածությանն այս ամենին, ես որևէ տվյալ չունեմ, որ Դավիթ Սանասարյանը հատուկ թույլ է տվել իրենց դա անել՝ իմանալով, որ իրենք տնտեսական շահ են հետապնդում»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Նա հիշեց՝ իրադարձությունները սկսվել են 2018-ի աշնանը: Արսեն Թորոսյանը մանրամասնեց. «Խոսքը նրա մասին էր, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոնում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության հետ: Այդ միտումների վերաբերյալ իմ եզրակացությունը եղել է այն, որ այստեղ մի բան այն չէ. այսինքն՝ դա պարզապես իրենց գործառույթներով պայմանավորված գործունեություն չի եղել, այլ դրա տակ կա շահ: Մի միջամտություն եղել է առողջապահության նախարարության ուղիղ հայտարարած գնումների մասով, երբ ավտոկլավի գնում էինք իրականացնում, և իմ աշխատակիցները հայտնեցին, որ հետաքրքրվածություն կա ՊՎԾ-ի կողմից տեխնիկական բնութագրերի և մրցույթների արդյունքների վերաբերյալ, որի վերաբերյալ ես զրույց եմ ունեցել ՊՎԾ ղեկավարի հետ՝ պարզելու, թե′ հետաքրքրվածության հանգամանքը, թե′ կոմունիկացիա է եղել կոնկրետ սերտիֆիկատի հավաստիության»:

Արսեն Թորոսյանը ևս մեկ դրվագ նշեց, որն էլ պատճառ է դարձել, որ ինքը դիմի ԱԱԾ: Նա նշեց. «Այդ դրվագը վերաբերվում է դիալիզի պարագաների մրցույթներին՝ հատկապես մեզ ենթակա բժշկական կենտրոնում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Հետագայում պարզվեց, որ այլ բժշկական կենտրոնում էլ է եղել այդ պրոցեսը՝ Վանաձորի ԲԿ»:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ մյուս դրվագը վերաբերում է Տուբերկուլոզի ազգային կենտրոնի մրցույթին: Նա այս առիթով մանրամասնեց. «Դրվագը հատկանշական է, որ ՊՎԾ-ն իր՝ այսպես կոչված լիազորությունների շրջանակներում մի անհաջող մրցույթի մասնակցելուց հետո ցուցաբերել է ոչ այնքան հասկանալի վարքագիծ. կոպիտ ձևով ներխուժել են բժշկական կենտրոնի տարածք՝ մեղադրելով, թե իբր մրցույթ եք հայտարարում մի բանի համար, որը ձեզ մոտ աշխատում է: Իրենք ունեին երկու սարք. մեկը փչացել էր, որի համար էլ մրցույթ էին հայտարարել, իսկ փչանալու մասին ՊՎԾ-ն տեղյակ չի եղել: Դա հաջորդել էր մի դեպքի, երբ ՊՎԾ աշխատակիցները հետաքրքրված են եղել մի մրցույթով, որը չեն հաղթել»:

Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընկերություն էր մասնակցում էր մրցույթի և որը կասկած էր առաջացրել, Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ խոսքը «Զորաշեն» ՍՊԸ-ի մասին էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031