Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լողավազանից օգտվել կարող են, բնակարանի վարձ տալ չեն կարող. իշխանությունը մերժեց ընդդիմության առաջարկը

Հոկտեմբեր 06,2021 11:19

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ամբողջությամբ ընդունվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը:

Կառավարությունն այս նախագծով առաջարկում է սոցփաթեթով նախատեսված ծառայությունների հավելյալ նոր ուղղություններ սահմանել՝ մարզաառողջապահական եւ սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց սոցփաթեթով թույլ տալ, որ մարդիկ բնակարանի վարձ տան, սպառողական վարկերը մարեն, գույքահարկ վճարեն եւ այլն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ դա սոցիալական փաթեթի գաղափարաբանությանը հակասում է, դրա համար մերժում են առաջարկը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ սոցփաթեթը աշխատավարձից դուրս փաթեթ է, որը հնարավորություն է տալիս որոշ ծառայություններից օգտվել: Ըստ նրա, «Հայաստան» խմբակցության առաջարկն անթույլատրելի է. «Պետությունը գումար է տալիս, ասում է, որ կարող ես գնալ հանգստանալ, առողջությունդ վերականգնել, մենք ասում ենք՝ չէ, կարող ես գնալ քո համար հեռախոս գնել ու տոկո՞սը փակել: Դա նշանակում է, որ մարդկանց աշխատավարձը պետք է բարձրացնել: Հիշեցնեմ, որ 55 հազարից նվազագույն աշխատավարձը դարձավ 68 հազար դրամ, որը մի քանի տարի չէր փոխվել: Տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձը 156 հազար դրամով ավելացել է, սոցփաթեթից շատ»:

Նա ասաց, որ այս պահին սոցփաթեթի ընդհանուր բյուջեն 10 մլրդ դրամ է: Բոլորն են ցանկանում, որ գումարը շատ լինի, բայց այդ գումարը պետք է լինի մեկ այլ ուղղության հաշվին. «Եկող տարվա բյուջեն որ գա, առաջարկեք, ասեք՝ այս ուղղությունից վերցնենք, տանք սոցփաթեթին»:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց, որ մոռանում են, թե օրենսդիրը սոցփաթեթի մեջ ինչ գաղափար է դրել ու ծառայությունների շրջանակը մեծացնելով՝ վերջում գալու են նրան, որ հանրային ծառայողին տան գումար ու ասեն՝ ծախսիր ինչպես ուզում ես:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորեց , որ երբ սոցփաթեթի ուղղություններն ավելացնում են, նաեւ գումարը ավելացնեն, ոչ թե 72 հազարի մեջ փորձեն տեղավորել:

«Հայաստան» խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031