Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհի այդ հատվածն Ադրբեջանը զավթել է. սա խնդիր է նաեւ իրանական կողմի համար»

Հոկտեմբեր 06,2021 15:00

Հոկտեմբերի 4-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իրանում է՝ հանդիպելու Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիրաբդոլլահիանի հետ։ Վերջին շրջանում լարված Ադրբեջան-Իրան հարաբերությունների, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհին ադրբեջանական ներկայության համատեքստում երկու երկրների քաղաքական շրջանակներից պարբերաբար «փոխհրաձգություն» է տեղի ունենում։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

– Պարոն Վարդանյան, ձեր գնահատմամբ՝ որո՞նք են ՀՀ-ԻԻՀ քաղաքական օրակարգի առաջնահերթությունները՝ հաշվի առնելով, որ խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փոխադարձ շահի մասին է։

– Ներկա փուլում այս այցը շատ կարեւոր է, քանի որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են, տեղի են ունենում զորավարժություններ։ Լարված են նաեւ Իրան-Թուրքիա հարաբերությունները։ Այս համատեքստում, երբ տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի այց Իրան, սա ինքնին արդեն շատ բաների մասին կարող է փաստել։ Հնարավոր է՝ սա կդառնա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու «ցատկահարթակ»՝ հաշվի առնելով այն թեմաները, որոնք շոշափվում են, այդ թվում՝ տարանցիկ ճանապարհի խնդիրները։ Մոտ 21 կմ-անոց ՀՀ-Իրան միջպետական ճանապարհի մասին է խոսքը, որն ադրբեջանցիները զավթել են։ Բնականաբար, սա խնդիր է նաեւ իրանական կողմի համար, եւ այս հարցը բարձրաձայնելը շատ կարեւոր է։

Կարեւոր է նաեւ հետեւյալը. Իրանի ԱԳ նախարարն արդեն իսկ ընդգծել է, որ իրենց համար Ադրբեջանի վարած քաղաքականությունը խնդրահարույց է։ Խոսքն Ադրբեջանում Իսրայելի ներկայության, ահաբեկչական խմբերի մասին է։ Դրանք կարեւոր ուղերձներ են։ Այս ամենը լրացուցիչ հնարավորություն է՝ հայ-իրանական հարաբերություններում համատեղ աշխատելու համար։

– Հայաստանի բարձր պաշտոնյաներն, ի դեպ, այդ ճանապարհի զավթումը պատճառաբանում են ոչ հայանպաստ դիրքորոշումներով, մասնավորապես՝ սովետական քարտեզներ են մեջբերում. ընդ որում՝ նույն Ադրբեջանն իրեն չի ճանաչում Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդ։ Իրանն անմա՞սն է այս ամենից։

– Նախ, ամեն հայ պետք է խոսի հայկական շահերից, թեեւ տարածաշրջանի այլ՝ դաշնակից պետությունների շահերը եւս հաշվի պետք է առնվեն, բայց մեր ազգային շահերից հետո կամ դրանց համատեքստում։ Մեր ազգային շահից է բխում այդ ճանապարհի՝ մերը լինելը։ Անձամբ ինձ որեւէ մեկը չի կարող որեւէ քարտեզով համոզել, թե այդ ճանապարհը մերը չէ։ Այդ հատվածն Ադրբեջանը զավթել է, եւ այստեղ կարեւոր է նաեւ Իրանի արձագանքը. տարածաշրջանում տարածքային ամբողջականության պահպանումը կարեւոր է, եւ անընդունելի է մեկ այլ պետության կողմից մյուս պետության տարածքի խախտումը։ Սա հստակ ուղերձ է։ Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հենց սա է՝ տարածքային ամբողջականության պահպանումը։

– Ի դեպ, մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի այցը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 4-ին խոսել է նաեւ տարածքային ամբողջականության մասին՝ հայտարարելով. «Մենք ի սկզբանե Ադրբեջանի մեր գործընկերներին ասել ենք, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Բաքուն երրորդ երկրին չպետք է թույլ տա օգտագործել իր տարածքն ու սահմանները։ Իրանը լավագույնս ապահովում է իր անվտանգությունը, բայց Ադրբեջանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները» (աղբյուրը՝ Irna.ir)։ Սա, ըստ ձեզ, ի՞նչ ուղերձ է պարունակում։

– Այո, Իրանը քանիցս հայտարարել է, որ ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը, որի շեշտադրումը ներկայումս ՀՀ շահերից էլ է բխում, որովհետեւ այժմ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոտնահարված է Ադրբեջանի կողմից՝ մի քանի հատվածներում։ Այդ մասին բոլորը գիտեն։ Իսկ երբ մատնանշվում է երրորդ երկիրը, խոսքը Թուրքիայի մասին է, որը ներկա է Ադրբեջանում։ Խոսքը նաեւ իսրայելական ռազմական մեծ ներկայության մասին է Ադրբեջանում։ Իրանը շատ լավ տեղյակ է այս մասին, եւ Ադրբեջանին խորհուրդ է տալիս իր տարածքը չտրամադրել մեկ այլ պետության, որովհետեւ դա Իրանի շահերին եւ ազգային անվտանգությանն անմիջական հարված է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031