Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի համար» գիրքն այսօր կհանձնվի մանկավարժականի զոհված ուսանողների ընտանիքներին

Հոկտեմբեր 06,2021 14:00

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի այս տարվա մարտի 30-ի N 9-Լ որոշմամբ որոշվել էր հրատարակել Արցախյան երեք պատերազմների մասնակից 310 համալսարանականներին նվիրված կենսագրական հանրագիտարան, Արցախյան երրորդ պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին տեղադրել հուշարձան: Համալսարանի բանասիրական ֆակուլտետի շենքի պուրակում արդեն իսկ կանգնեցվել է հուշարձան-կոթողը, որը հեղինակել է Սեմյոն Բարսեղյանը: Կոթողի կենտրոնական կերպարը 1602 թվականին Արցախի Ծիծեռնավանքում կերտված խաչքարն է:

«Հայրենիքի համար» գիրքն այսօր կհանձնվի մանկավարժականի զոհված ուսանողների, մասնակիցների հարազատներին, ընտանիքներին, իսկ խաչքար-հուշարձանի մոտ սպասում են այլ անակնկալներ նույնպես:

Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, նախաձեռնողներից Ռուբեն Միրզախանյանը գրքի առաջաբանում գրել է. «Համալսարանի հարյուրավոր ուսանողներ պատերազմի քառասունչորս օրերին մասնակցում էին կամավորական աշխատանքների՝ տեղահանված արցախցիների տեղավորման, սնունդով, հագուստով ապահովման, Արցախյան ռազմաճակատներում կռվող զինվորներին օգնություն հանգանակելու աշխատանքներին»: Ըստ Ռ. Միրզախանյանի, Արցախյան երեք պատերազմներին մասնակցել են 300 մանկավարժականցիներ, որոնցից 52-ը ընկել են մարտում, հանուն հայրենիքի:

Կենսագրական հանրագիտարանը կազմելիս մեծ աշխատանք է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը (լուսանկարում), ով ճակատագրով նաեւ եղել է կանգնած մեր բանակի ակունքներում. 1995-2002-ին ծառայել է զինված ուժերի շարքերում, եղել է գնդի, բրիգադի, կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետի տեղակալ, նախարարի աշխատակազմի ղեկավար:

Գրքում բոլորը հավասար «տեղ» են զբաղեցնում. լինի զինվոր, թե հրամանատար, ամբիոնի վարիչ, թե ուսանող:

Կենսագրականները մատուցվում են առանձին ֆակուլտետներով՝ Պատմության, Գեղարվեստական կրթության, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի, Կուլտուրայի, Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի, Բանասիրության, Հատուկ եւ ներառական կրթության… ներկայացվել է նաեւ Հենակետային վարժարանը՝ ավագ դպրոցը:

Ներկայացնելով մանկավարժականցիներին, հիշեցվել է բուհի շրջանավարտներից ժողովրդական գրող, բանաստեղծուհի Մետաքսեի մասին, ով առաջին պատերազմի ժամանակ կազմակերպել էր Գրողների միությունից սնունդ եւ պարեն արցախյան ռազմաճակատ ուղարկելը, դասախոսներ Կիմ Ղահրամանյանի, Բենիկ Սիսյանի, Շահեն Մկրտչյանի, պրոֆեսոր Լեւոն Հարությունյանի… մասին: Ի դեպ, դեռ 2000-ին, 17 հերոսների հիշատակին նվիրված ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Հրանտ Պատրիկայի մասնակցությամբ, Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաշենքի վայրում կանգնեցվել է խաչքար-հուշակոթող (հեղինակ՝ ժողովրդական վարպետ Վ.Համբարձումյան): 20-ից ավելի աբովյանականցիներ էլ զոհվել են ապրիլյան պատերազմի ժամանակ:

Գրքում չեն մոռացվել այն համալսարանականների կենսագրությունները, ովքեր պատերազմներից հետո վերադարձել են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել