Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեսնես բաժանվելիս ասացի՞ն՝ կհանդիպենք ախպեր». մանկության երեք ընկերները միասին գնացին բանակ, երեքն էլ զոհվեցին

Հոկտեմբեր 06,2021 14:30

«Իմ սիրելի Ռուբենը, իմ ընկեր Նարեկը»։ Նրանք Մարատի մանկության ընկերներն էին, նույն բակից, նույն դասարանից։ Միաժամանակ էլ զորակոչվել են բանակ։ Երեքն էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին, երեքն էլ ավաղ, զոհվել են։

«Միշտ մտածում էի՝ եթե մի օր պատերազմ սկսվի՝ իմ երեխուն առաջինն են տանելու կռիվ, ավագ հետախույզ էր, իսկ ինձ բոլորը հանգստացնում էին, թե՝ չէ, չեն տանի։ Մայրական սիրտը չի սխալվում։ Սեպտեմբերի 27-ին Մարատիս Խնձորեսկի զորամասից տարան, ամբողջ զորամասին տարան։ Հադրութ, Ջաբրայիլ, ամենաթեժ կռիվներին է մասնակցել։ Երբ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի վախեցեք ինձ համար։ Բայց ես նույնիսկ մի վայրկյան չեմ խոսել իր հետ, չէի կարողանում, վախենում էի, սարսափից դողում էի՝ ատամներս սեղմվում էին, բառ չէի կարողանում ասել»,-Մարատ Մանուկյանի մայրը՝ Սվետլաննան է պատմում։

Մարատն իր սիրելի Ռուբենին, որի հետ դպրոցական բոլոր լուսանկարներում թեւ-թեւի տված է, կռվի օրերին հանդիպել է, Սվետլաննան ասում է՝ անմիջապես զանգել է Ռուբենի մորը՝ Աննային ու տեղեկացրել, որ տղաները հանդիպել են. «Աննան ասաց՝ բայց Ռուբենը «կանտուզիայով» պառկած է, ո՞նց են հանդիպել։ Հետո իմացանք, որ սանչաստում են հանդիպել, երեք օր միասին են եղել։ Հիմա ասում եմ՝ տեսնես ի՞նչ ասացին բաժանվելիս, ասացի՞ն՝ «կհանդիպենք ախպեր»։

Հոկտեմբերի 12-ին Մարատը զոհվեց, հոկտեմբերի 22-ին՝ Ռուբենը։ Հանդիպեցին։ Իր մյուս ընկեր՝ Նարեկի զոհվելու մասին էլ իմացել էր, մեզ չէր ասել։ Շատ ծանր ապրումների մեջ էր»։

Նարեկ Գեւորգյան, Մարատի մանկության ընկերը։

Սվետլաննան ասում է, որ ամեն օր ծնկաչոք աղոթք էր անում, հոկտեմբերի 12-ին էլ, բայց սրտի մեջ ուժգին ցավ զգաց, պառկեց, չհանգստացավ։ Գիշերը զանգ ստացան, թե՝ Մարատը վիրավորվել է, զանգողը ծնողներին խնայել է, ճշմարտությունը չի ասել, չի ասել, որ զոհվել է։ Մինչ այդ ծնողները որդուց երկու օր է՝ լուր չունեին։

«Կռվի օրերին Մարատը մարտական ընկերների բոլորի հեռախոսներով մեզ զանգել էր։ Հետո մենք էդ բոլոր հեռախոսահամարներին հետ էինք զանգում, ոչ մեկինը չէր պատասխանում։ Երբ մեզ զանգ տվեցին ու ասացին, որ վիրավորվել է, անմիջապես ճանապարհվեցինք Խնձորեսկ։ Զորամասը խառնեցի իրար, չկար տղաս։ Այդ օրը հետախուզության հրամանատարի հուղարկավորությունն էր, Մարատս էլ էր հետախույզ։ Մտածեցի՝ եթե իր հրամանատարը զոհվել է, ռազվեդկան չկա, բա իմ երեխան ո՞ւր է։ Ասացին՝ փնտրեք մորգերում, հիվանդանոցներում, որտեղից որ դուրս կգա։ Մորգ գնացինք, այնտեղ չէր։ Մեր ազգականը մեզ բերեց երեւան ու նա արդեն գիտեր, որ Մարատը զոհված է։ Երեկոյան լուրերով էդ անտանելի պատկերն էր՝ տղաների անունները հերթով… սարսափած կարդում էինք, վերեւում ամբողջը պահեստազորայինների անուններն էին, ներքեւում երեք տղայի անուն, ծնված 2001 թվականին։ Կարդացինք՝ Մանուկան Մարատ Կարենի։ Մի պահ հայտարարվեց, որ Մանուկյան Մարատի անունը շփոթմունք է եղել, բայց այդտեղ էլ բախտ չունեցա։ Հաստատվեց»,- պատմում է Սվետլաննան։

Նուբարաշենի խճուղում բացված հուշակոթողը

Մարատն իր մարտական ընկերների հետ երեք անգամ շրջափակման մեջ է ընկել, դուրս են եկել։ «Այս անգամ դուրս չեկավ։ Հետախուզական գործողության ժամանակ ջոկատի հրամակազմի կողմ է վազել, գնում էր օգնելու, չի պատկերացրել, որ հարվածն էդ կողմ կլինի։ Բեկորային վնասվածք է ստացել, ու չեմ էլ հետաքրքրվել՝ մարմնի ո՞ր հատվածին է խփել։ Ի՞նչ նշանակություն ունի՝ որ հատվածին, հարվածը մահացու էր»։ Մայրն ասում է՝ Մարատն ինչպես իր կյանքում էր, այնպես էլ ռազմի դաշտում է եղել՝ հոգատար, նվիրված, ընկերասեր, անվախ, այդպիսին մանկուց է եղել։

«Չլիներ, չլիներ էդ պատերազմը, այս սերունդը պիտի ապրեր ու էդ հողերն ապրեցներ, ոչ թե հողը գրկեր»,-ասում է Սվետլաննան։
Մարատի ընկերը՝ Ռուբենը ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ էր ընդունվել, ընկերներն ասում են՝ հատուկ տաղանդ ուներ, Ռուբենը պետք է ոչ թե զենք բռներ, այլ՝ զենք ստեղծեր։ Ռուբենը Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր։

Ռուբեն Համբարձումյան

«Ես ասում էի՝ Ռուբեն ջան, դու պարտավոր ես ծառայել, ես կամաչեմ, որ ինձ ասեն՝ քո տղան չի ծառայել։ Մոսկվայում էլ բուհ էր ընդունվել, կարող էր գնալ այնտեղ սովորելու, եթե գնար՝ էս ողբերգությունը չէր լինի։ Բայց ես ասում էի՝ բոլորը պարտավոր են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, նույնիսկ՝ ես»,-ասում է Ռուբենի մայրը՝ Աննան։

Ռուբենը 2019-ին էր զորակոչվել, ծառայել է Արցախի Մարտունի քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան զորամասում, ավագ հետախույզ էր, հետո՝ հրետանավոր, ապա կրտսեր սերժանտի կոչում էր ստացել։ Մայրը պատմում է, որ ծառայության առաջին օրերին նրա մաթեմատիկական գերազանց ընդունակությունները նկատել են ու անմիջապես տեղափոխել են D20-ի հրետանային դիվիզիոն, որտեղ դասակի շտաբի պետի հաշվարկողն է եղել։

«Սեպտեմբերի 27-ին արթնացա ու առաջին բանը, որ տեսա՝ հաղթելու ենք։ Հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Զանգեցինք Ռուբենին, կատակելով էր խոսում, մեզ հանսգտացնում էր։ Ռուբենս, ինչպես իր ողջ կյանքում, բոլորի մասին մտածում էր, անհանգստանում, պաշտպանում, ու այդպես էլ ծառայության ու կռվի ժամանակ էր։ Հոկտեմբերի 2-ին, երբ ընկերները վիրավորվել էին, նետվել է նրանց օգնելու, կրակային գոտուց ընկերներին հանեց, ինքն էլ վիրավորվեց, կանտուզիա ստացավ։ Չորս-հինգ օր պառկեց հոսպիտալում, դեռ կարգին չվերականգնված, պահանջել է իրեն նորից տանեն մարտի դաշտ։ Ասում էր՝ ես այնտեղ պետք եմ»,-պատմում է Աննան։

Մայրն ասում է՝ տղան թեժ մարտերի մեջ է եղել ու այդ ընթացքում էլ վիրավոր ընկերների համար անհանգիստ է եղել, ծնողներից է հարցրել՝ լուր չունե՞ն։ «Ինքը հրամանատար էր, վիրավոր տղաներն իր ջոկի տղաներն էին։ Ռուբենի մահից հետո իմացանք, տղաները ողջ են, ցավոք չհասցրեցինք լուրը հայտնել։

Հոկտեմբերի 22-ին ավիառումբի հարվածից է զոհվել է։ Կես տոննայանոց երկու ռումբ իրար հետեւից գցել են, վեց զինվոր գնացել են, որ իրեն հողի տակից հանեն, վեցին էլ ԱԹՍ-ն խփել է։ Քրոջս տղան այնտեղ էր ծառայում, գնացել, մի կերպ հանել է Ռուբենին»։

Ռուբենը, Նարեկը, Մարատը նույն բակում են մեծացել, նույն թաղամասում` Նուբարաշենի խճուղի։ Այստեղ ընդամենը 5-6 շենք կա, այս փոքր թաղամասից 44-օրյա պատերազմում 8 զոհ է եղել։ Ի հիշատակ նրանց՝ այս թաղամասում օրերս հուշակոթող բացվեց։

Աննան ասում է՝ կյանքը կանգ է առել իր համար, միայն Ռուբենի հուշերով է ապրում, այս մի տարին Ռուբենի ու իր ընկերներին նվիրված հուշակոթողի կառուցմամբ էր ապրում, Ռուբենին նվիրված երգով էր ապրում. «Իմ շարունակությունը ո՞նց է լինելու, չգիտեմ»։
Զոհված տղաների մայրերն ասում են՝ չենք ապրում, դանդաղ մահանում ենք։

Մարատի մայրն էլ ասում է. «Մեր տունը Եռաբլուրն է։ Հիմա Ռուբենի մամայի՝ Աննայի հետ միասին կամաց-կամաց մահանում ենք։ Հա, իրար լավ ենք հասկանում։ Ասել եմ՝ Աննա, եթե քեզ մի բան պատահի, հետդ գալու եմ, ես չեմ կարա ապրեմ։ Մեր տղաները միասին են գնացել բանակ՝ մեզ թողել են իրար..»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանակրում՝ Մարատի մայրը՝ որդու լուսանկարի մոտ։

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031