Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուշաղբյուր` նվիրված փոխգնդապետ Արթուր Գալստյանին

Հոկտեմբեր 06,2021 13:30

Հոկտեմբերի 2-ին, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվելու առաջին տարելիցի օրը, Սիսիան քաղաքի իրենց շենքի բակում բացվեց փոխգնդապետ  ին նվիրված հուշաղբյուր:

Արթուր Գալստյանը կանգնած է եղել հայոց բանակաշինության ակունքներում, մեծ ավանդ ունի Սիսական ջոկատի կազմավորման, կայացման ճանապարհին, անցել է արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ մարտերով, պատերազմից հետո զբաղվել հայոց բանակի մարտունակ զինվոր պատրաստելու պատասխանատու գործունեությամբ: Ծառայությունը սկսել է որպես դասկի, հետո` վաշտի, ապա` գումարտակի հրամանատար: Իր գումարտակի սպայական կազմի հետ մասնակցել է Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Հորադիզի եւ Ֆիզուլիի շրջանի մի քանի գյուղերի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին: 1994 թվականի ապրիլի 15-ին վիրավորվել է եւ, դեռեւս չապաքինված, վերադարձել ռազմի դաշտ: Մինչեւ 1996 թվականը գումարտակի կազմով մարտական հերթապահություն է իրականացրել Ֆիզուլիի, 1996-2000 թթ.-ին` Սիսիանի պաշտպանական հենակետերում: Նրա գլխավորած գումարտակը միշտ ճանաչվել է լավագույնը գնդում եւ բանակային կորպուսում, իսկ 1999-ին որպես գծային գումարտակներից լավագույնը` ՀՀ զինված ուժերում: 2000-2004 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վայքի զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը: 2004-ին նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի ավագ սպայի պաշտոնում, 2013-2015 թթ.-ին` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2015-ից տեղափոխվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազոր` պահեստազորի փոխգնդապետի կոչումով:

Հարազատները պատմում են, որ արցախյան առաջին պատերազմը հաղթած, մարտական նման ուղի անցած եւ 2015-ից ՀՀ Զինված ուժերի պահեստազորում գտնվող զինվորականը շատ ծանր է տարել ապրիլյան քառօրյային չմասնակցելու փաստը, քանի որ դստեր ամուսինը առաջնագծում էր` Թալիշում, ինքը պիտի երեխայի ծնվելուն սպասող դստեր մոտ լիներ… Ոգով, էությամբ եւ մասնագիտությամբ զինվորականը, սակայն, առաջիններից էր, որ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը, լուրը լսելուն պես, մեկ վայրկյան անգամ չի երկմտել, եւ Երեւանից մեկնել է Ստեփանակերտ` միանալու Սիսական ջոկատի իր մարտական ընկերներին ու զոհվել հոկտեմբերի 2-ին` Հադրութ քաղաքի` թշնամու հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտերի ժամանակ:

Հուշաղբյուրի բացման ժապավենը, հայոց օրհներգի հնչյունների ներքո, կտրեցին Արթուր Գալստյանի զավակները` Սուրենը եւ Հասմիկը: Օրհնության կարգ կատարեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը, ով ի մասնավորի նշեց, որ կենաց ջուրը, որ հավիտենության խորհուրդն ունի, թող միշտ ապրի մեր ժողովրդի մեջ: «Ամեն ոք, ով կգա այստեղ, հերոսի հիշատակի առջեւ կխոնարհվի, այս ջրից մի կում կանի, թող հիշի, թե հանուն ինչի նրանք իրենց կյանքը զոհեցին, եւ այդ կյանքի թանկ գնով շահված ու պահված հայրենիքը հարատեւության խորհրդով պիտի միշտ լինի եւ հիշի իր հերոսներին եւ իրենց փառքը եւ հիշատակը անմար լինի մեր ժողովրդի մեջ»,-ասաց Տեր-Պարգեւը:

Հուշաղբյուրի բացմանը Դավիթ Այվազյանը նշեց, թե որքան ծանր ու դժվարին օրեր ապրեցինք ազգովի, իսկ երբ հոկտեմբերի 2-ին մարտադաշտից հասան սիսիանցի տղաների` Արթուրի եւ Գարիկի զոհվելու մասին լուրերը, արդեն հասկանալի եղավ, թե ինչ պատերազմ էր պարտադրվել մեզ: Դավիթ Այվազյանը նշեց, որ Արթուր Գալստյանը պահեստազորում էր, կարող էր եւ չգնալ մարտադաշտ, բայց նրա համար չափազանց բարձր էին հայրենիքի, ընտանիքի, թոռների ապագան պաշտպանելու, առավելապես` սպայի պատիվը բարձր պահելու գաղափարները, եւ նա չէր կարող դիտորդի դերում հեռվից հետեւել հայրենիքի ճակատագրին: «Կանցնեն տարիներ, կգան նոր սերունդներ, եւ շատերը, որ կխոնարհվեն այս ցայտաղբյուրից ջուր խմելու, հաստատ կպրպտեն, կհետաքրքրվեն, թե ով է եղել այն քաջորդին, ում հիշատակին կառուցվել է այս հուշաղբյուրը, ով իր կենդանության օրոք «Սարսափ» մականունն էր ստացել, որովհետեւ թշնամուն սարսափի մեջ էր պահում»,-ասաց Դավիթ Այվազյանը:

Արթուր Գալստյանի քույրը` Գոհարը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանք են դրել հուշաղբյուրը իրողություն դարձնելու համար, ովքեր իրենց հարգանքն ու խոնարհումն են բերել հուշաղբյուրի բացմանը եւ ովքեր իրենց սրտերում վառ են պահում ու վառ կպահեն եղբոր, մեր մյուս բոլոր նահատակների հիշատակը: «Տարի, թե տարիներ, կապ չունի, սխրանքդ մեծ է, փառքդ` վսեմ, իսկ մենք միշտ շնորհակալ ենք այն լուսաբացների եւ մայրամուտների համար, որոնք մեզ տրվեցին ձեր կյանքի գնով: Մենք ձեզ երբեք բացակա չենք դնելու»,-ասաց փոխգնդապետի քույրը: Արթուր Գալստյանի դուստրը` Հասմիկը նշեց, որ հայրը գնացել էր հաղթանակած վերադառնալու խոստումով, բայց` չվերադարձավ, բերեցին, ավելի ճիշտ` նա վերադարձավ որպես հուշաղբյուր, որպես հավերժության խորհրդանիշ: Իսկ որդին` Սուրենը ամենամեծ մխիթարությունը համարեց հոր թողած ժառանգությունը` թանկ անունը, որ գրվեց-մնաց մեր հերոսամարտի տարեգրության մեջ:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
Սիսիան

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031