Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումն առավել քան իրատեսական է
44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային հանրության համառ ջանքերի շնորհիվ Ադրբեջանի նախագահից հաջողվեց Հայաստանի հետ բանակցությունների վերադառնալու շուրջ հրապարակային հայտարարություններ կորզել: Մի ամբողջ տարի անդադար Ալիեւը հայտարարում էր, թե հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, պատերազմն ավարտվել է, հետեւաբար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անիմաստ է: Մի քանի առիթներով նա անգամ կոշտ քննադատեց միջնորդներին:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկը՝ Ռուսաստանը, որը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, մի քանի գործառույթների պատասխանատվություն է ստանձնել. ռուսական կողմը խաղաղապահ առաքելություն է իրականացնում, եռակողմ ձեւաչափի հիմնական դերակատար, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում է հանդես գալիս որպես Հարավային Կովկասում հիմնական խաղացող: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման վերաբերյալ Մոսկվայից մինչեւ վերջերս հնչում էին ստանդարտ, անորոշ հայտարարություններ, ինչպես եւ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՌԴ-ն փորձում էր կրքեր չբորբոքել, բավական զուսպ էր, անգամ մի քանի առիթներով հայտարարեցին, թե ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը ապագայի հարց է, չարժե շտապել:
Այսօր արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության մոտեցումներում փոփոխություններ են տեղի ունեցել, Բաքուն որոշակի ճնշումների ներքո է գտնվում եւ թերեւս, դրանով են նաեւ պայմանավորված Իլհամ Ալիեւի ջղաձիգ պոռթկումները, քննադատական ակնարկները ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի նկատմամբ եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներից սեփական ժողովրդին իր եւ տիկնոջ լուսանկարներով «հաղթանակի» ապացույցների ցուցադրությունը:
Կարդացեք նաև
Այն, որ Ալիեւը խնդիրներ ունի եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, կարելի է որպես հիմք ընդունել նաեւ օրերս Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից համաշխարհային առաջնորդների եւ քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ միլիոնավոր գաղտնազերծված փաստաթղթերը, որտեղ ծավալուն անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի հսկայական ունեցվածքին, համաձայն որոնց՝ Ալիեւի ընտանիքն ու նրանց մերձավորներն ավելի քան 400 միլիոն ֆունտ արժողության գործարքներ են իրականացրել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում: Այլ հարց է, որ հերթական հետաքննական նյութերը որեւէ գործնական ազդեցություն չեն ունենում: Մասնավորապես, օրինակ, քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում մեկ տարի առաջ հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արգելված զենքերով պատերազմական հանցագործությունների վրա:
Ինչեւէ, վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հրապարակային ձեւով միմյանց հանդիպելու պատրաստակամություն են հայտնում: Եթե Փաշինյանի դեպքում նման պատրաստակամությունը միանգամայն սպասելի էր ու տրամաբանական, ապա Ալիեւի պահվածքն, ինչ խոսք, բավական անսպասելի էր:
«Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես առարկություն չեմ ունենա», -սա սեպտեմբերի վերջին France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտքերից է: «Ես պատրաստ եմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ ներգրավվել, սակայն Հայաստանի ղեկավարները առայժմ համարժեքորեն չեն արձագանքում դրան», – նշել էր Ադրբեջանի նախագահը։ Սակայն միաժամանակ նաեւ հավելել էր, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեկընդմիշտ լուծված է, ապա հերքել էր պնդումները, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանից։
Այս հարցազրույցից երկու օր անց ՌԴ ԱԳՆ-ն արդեն ուշագրավ տեղեկություն հայտնեց՝ Լեռնային Ղարաբաղ համանախագահների այցի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը կազմակերպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը, նշել էր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեկսեյ Զայցեւը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ինքը դեմ չի լինի հանդիպելու Հայաստանի վարչապետին, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես գա նման առաջարկով։ Ալեկսեյ Զայցեւն իր հերթին հավելել էր, թե Ռուսաստանը միշտ համարում է, որ կանոնավոր երկխոսությունը, հատկապես բարձր մակարդակներով, նպաստում է հասնել փոխըմբռնմանը եւ կառուցողական մթնոլորտի ձեւավորմանը՝ խնդրահարույց հարցերը լուծելու համար։ «Հենց ի շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինտենսիվ շփումների՝ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ստորագրել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը հիմքեր է դրել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Ինչպես գիտեք, բարձր մակարդակի նման հանդիպում կազմակերպելը լուրջ նախապատրաստություն է պահանջում։ Ելնում ենք նրանից, որ դրա համար ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- ասել էր նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Նյու Յորքում համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնեցրել են վերականգնելու իրենց աշխատանքային այցերը Լեռնային Ղարաբաղ։
Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որպեսզի Ադրբեջանում չդիտվի որպես լիակատար նահանջ Բաքվի կողմից, Ալիեւը շարունակում էր պահանջներ ներկայացնել հայկական կողմին: Ըստ ամենայնի, այդ հանդիպման կազմակերպման դիմաց արդեն իսկ որոշում է կայացվել, որ Բաքվի պահանջներից մեկը պետք է կատարվի: «Մեր պահանջն է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները», – իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ալիեւը։ Նրա խոսքով` Հայաստանը պետք է Բաքվին տրամադրի ոչ թե այն տարածքների քարտեզները, որոնք ականապատված են, այլ ականների տեղադրման կոնկրետ վայրերի մասին տեղեկատվությունը։ «Նման քարտեզներ գոյություն ունեն։ Եթե հայկական կողմն անի դա, բարի կամք դրսեւորի, մենք էլ համարժեքորեն կպատասխանենք»,- նշել էր Ադրբեջանի նախագահը։ Այնուհետեւ Ալիեւը հավելել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Եթե հայկական կողմը պատրաստ է, ես եւս պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար եւ համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, եւ մենք այդ էջը թերթել ենք»։
Ալիեւի անսպասելի այս կառուցողական հայտարարություններին ի վերջո արձագանքեց նաեւ հայկական կողմը: Վարչապետը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, «Հանրայինի» եթերում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իսկ հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պատրաստակամությունը, անդրադառնալով գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա նշեց. «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ե՛ւ բարձր, ե՛ւ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, եւ արտգործնախարարների մակարդակով, եւ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, եւ կարող եմ ասել, որ մի քանի անգամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»: Փաշինյանը նաեւ հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. «Ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետեւ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել եւ Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»։
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպման հիմքերն արդեն երեւացին Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Համանախագահները Միրզոյանի եւ Բայրամովի հետ ունեցել էին նաեւ առանձին հանդիպումներ: Համանախագահներն ու ԱԳ նախարարները, տարածված հայտարարության համաձայն, քննարկել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերի լայն շրջանակ»: Միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ եւ հնարավոր հետագա քայլեր:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել էին իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»: Հայկական կողմի փոխանցմամբ՝ հնգակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում։ «Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի եւ հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ», – նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մտքեր էին փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ, եւ այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Իսկ ադրբեջանական կողմը տարածած հակիրճ հաղորդագրությամբ հայտնում էր, որ մասնավորապես, Բայրամովը «հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»:
Նկատենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ալիեւի ելույթը բավական կոշտ էր, նա Հայաստանին մեղադրեց բազմաթիվ «հանցագործությունների» մեջ, իսկ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պահանջեց, որպեսզի Հայաստանը «ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»: Այս ելույթից ընդամենը օրեր անց, սակայն, նա Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեց:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.10.2021