Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավը չի լռում

Հոկտեմբեր 06,2021 13:00

Պատերազմը երբեք հիշողություն չի դառնում, ու սկսում ենք հիշողություններն այլ տեղերում փնտրել: Մեկ-մեկ կռվում ենք մեր ներսի ու դրսի հետ, խորտակվում ցավի մեջ ու փշուր-փշուր հավաքում կորցրածը, բայց նորից հասկանում, որ կիսատ ենք: Եվ երբ ականջներիդ մեջ չեն լռում արկերի ձայներն ու չես կարողանում դեմ առ դեմ զրուցել եղբորդ հետ, պապանձվում ես ցավից:

Մի լույս էլ մեր ազգից մարեց. Արամը՝ լույս հայորդին, իմ եղբայրը: Ու գիտե՞ք, պատերազմից հետո չեմ կարողանում ոչ մեկին առանձնացնել, որովհետեւ բոլորն էլ մեր եղբայրներն են՝ մի տան ճրագ, սյուն, հույս, հավատ, սեր, առաքյալ…

Արամ Սեյրանի Արզումանյանը ծնվել է 2001թ. հունվարի 26-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել է ծննդավայրի թիվ 9 միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախում էր նաեւ ստեղծագործական կենտրոն` նկարչության եւ փայտամշակման խմբակների։ 2017-2019 թթ. սովորել է Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանում: 2019թ. ընդունվել է Շուշիի Գյուրջյանի անվան արվեստի ինստիտուտի դիզայնի բաժինը: Նույն տարում զորակոչվել եւ համալրել է հայոց բանակի շարքերը: Պատրաստություն է անցել Լուսակերտի ուսումնական կենտրոնում` որպես հրետանավոր, որից հետո վերադարձել է Արցախ որպես հրետանու սերժանտ։

Մինչեւ կյանքի վերջին օրն իր դիրքում էր` միշտ վեհ, պատրաստ ցանկացած զարգացման: Իր հմուտ գործողություններով թշնամուն պատճառեց կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի մեծաթիվ կորուստներ։

2020թ. հոկտեմբերի 17-ին Արամը համալրեց երկնքում բանակ դարձած հայրենապաշտ տղաների շարքը։ Մարտական ծառայության ընթացքում եւ հետմահու արժանացել է ծառայողական պարգեւների, շնորհակալագրերի։ Հոկտեմբերի 17-ն ինձ համար սեւով գծած ամսաթիվ է: Դեռ պատերազմի ժամանակ կորստի ցավը սրտումս հավատում էի մեր հաղթանակին: Ափսոս, սպասումներս չէին համապատասխանում իրականությանը: Բայց «պատերազմի օրենքները» հաղթեցին ինչ-որ տեղ եւ ժամանակ: Քիչ-քիչ կորցրեցինք, ամեն անգամ վերագտնելու հույսը սրտներումս քարի պես ամուր պահած: Եվ ես ամեն անգամ երես եմ թեքում պատերազմից, որը ոչ մի բան ու ոչ մեկին չի խնայում: Անկեղծ, չգիտեմ ով եւ երբ է ստեղծել այս արհավիրքը, որ գալիս է տանելու, որ գալիս է չթողնելու ոչինչ:

Մեր հողում իսկական հերոսներ են կռվել ու կռվում՝ իրենց արյունով սրբագործելով մի բուռ Արցախն ու Հայաստան աշխարհը: Իսկ ե՞րբ ենք ապրելու առանց ցավի, իսկ մի՞թե ապրելու ենք առաջվա պես:

Երբ լսեցի Արամի մահվան գույժը, իսկույն նրա պարզ հայացքն աչքերիս առաջ հայտնվեց ու ներսումս վերապրեցի նրա պարզությունը՝ անցկացրած օրերի, րոպեների, անգամ պահերի ամբողջացմամբ:

Նկարիչ էր։ Ջրաներկն ու մատիտը թողեց եւ հայրենիքի համար մարտի ելավ, հայրենիքինը դարձավ։ Հիշողությանս մեջ մնաց եղբայրասեր ու համեստ, անչափ հետաքրքրասեր ու զուսպ։ Երկնքում միացավ մյուս աստղերին ու լուռ խոստանում է, որ ամեն օր հաղթանակի պես կփայլի` զինակից ընկերների հետ։ Չէ՞ որ իրենք են երկրի տերն ու հաղթանակ կռողները:

Բոլոր ուղիները նրա մասին են ականջներիս մեջ շշնջում, ամեն պահ նա է ու մեր անցած եւ գնացած օրերը, որ ամուր պարանի պես փաթաթված են գլխիս։ Հիմա ամեն բան եղբորս մասին է հուշում եւ պահի աներեւակայելի մթության մեջ էլ ոչ մի ցավ չի լռում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախի գրողների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031