Սիրելի հայ ժողովուրդ, 2020 թվականը հայոց պատմության մեջ անջնջելի կմնա, անջնջելի կմնա նաեւ հայ զինվորի սխրանքը, եւ անոր վառ հիշատակը որպես լուսատու այս խավարի մեջ ուղեկից կըլլա ամենքիս: Մեր տղաները այնպիսի հերոսություններ գործեցին, որոնց մասին նույնիսկ թշնամին խոսեցավ, մեր հերոս նահատակները այնպիսի ոգիով ու կորովով կռվեցան, որ բիրտ ու անբարո թշնամին զարմացավ եւ շատ ու շատ անգամներ փախուստի դիմեց: Դժվար օրեր անցուցին նաեւ հայ մայրերը՝ իրենց ամենժամյա աղոթքով պահպանելով իրենց հերոս տղաներուն:
Բայց, ավա՜ղ, պատերազմը ունի իր գրված եւ չգրված կանոնները. հազարավոր հայորդիներ իրենց արյամբ, իրենց սուրբ նահատակությամբ թույլ չտվին, որպեսզի թշնամին իրենց թույլ զինվոր անվանի, այլ կռվելով մինչեւ վերջ՝ հերոսացան, նահատակվեցան՝ ճանապարհ ելնելով վայելելու սեփական արյամբ գնված երկնային երանությունը: Բոլորին է հայտնի, թե հայ զինվորները ինչպիսի անարդար եւ միջազգային նորմերը խախտող պատերազմի ականատես եղան, օգտագործվեցան այնպիսի զինատեսակներ, որ ամբողջ աշխարհով ադոր օգտագործումը արգիլված էր:
Շատերը լռեցին, քիչերը խոսեցան, աշխարհի ազդեցիկ պետություններն ու միջազգային կազմակերպությունները՝ ուղղակիորեն աչք գոցեցին այս արհավիրքի վրա: Բայց այս լռության մեջ հայ զինվորը ուղղակիորեն հերոսություններ գործեց, հերոսություններ, որոնք դարեր շարունակ որպես դաստիարակ կրթելու եւ մեծցնելու են սրտեր՝ որոնք լցված պիտի ըլլան ոխով ու թշնամանքով:
Մենք վերադառնալու ենք, որովհետեւ աստվածային արդարությունը մեկ օր վերականգնվելու է, եւ մեղավորները պատժվելու են, եւ ի վերջո՝ ամեն մեկը տեր պիտի ըլլա իր բաժին երկրին:
Կարդացեք նաև
Սիրելի հավատացյալներ, իզուր չէ, որ մենք անոնց նահատակ ենք անվանում, այս օրերուն փորձեցի նահատակ բառի մասին մի քանի խորքային բացատրություններ գտնալ, առանձնացրեցի երկուքը, ադոնք են՝
1.Նահատակ— հավատքի պաշտպանության համար զոհված մարդ:
2.Նահատակ— որեւէ գործի եւ գաղափարի համար իրեն զոհաբերած մարդ
Մեր հերոս տղաները այս երկու նշանաբանով՝ Աստված եւ հայրենիք արժեքներու գնահատմամբ մեկնեցան կռվի, եւ վստահ եմ հաղթանակած ալ դուրս եկան: Մեզ համար հերոսներ են նաեւ պատերազմի մասնակցած յուրաքանչյուր անձ, բոլորը մեկ մարդու պես այդ երկու գաղափարներով բոլորված՝ կռվեցան եւ կենդանի մնալով վկաները եղան հերոս նահատակներու: Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի ամէն, հիշատակդ եւ գործդ անմահ է զինվոր հայոց:
Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ,
գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս ԲԵՐԲԵՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.10.2021