Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր աշխարհակարգի նախաշեմին

Հոկտեմբեր 06,2021 15:30

Մոտակա տարիների ընթացքում տերությունները կգտնեն խախտված բալանսը եւ կգան համաձայնության՝ բազմաբեւեռ տրամաբանության մեջ

«Աշխարհաքաղաքականություն» եզրն ունի բազմաթիվ մեկնաբանություններ. տարբեր գիտնականներ, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ դրա տակ հասկանում են այն, ինչ իրենց է «սրտամոտ»: Այդ հասկացությունը լայն տարածում է գտել 19-րդ դարի երկրորդ կեսին՝ չնայած դրա հետ կապված երեւույթները կարելի է դիտարկել դարեր շարունակ: Ինչո՞ւ աշխարհաքաղաքականության տեսական իմաստավորումը սկսվեց հենց 19-րդ դարում: Դա, ըստ երեւույթին, պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակահատվածում սկսեցին բուռն զարգացում ապրել բնական գիտությունները, եւ, մասնավորապես, Չարլզ Դարվինն իր «Տեսակների ծագումը» գրքում (1859) վարկած առաջ քաշեց, որ զարգացման, էվոլյուցիայի հիմքում ընկած է բնական ընտրությունը:

Այդ գաղափարն այնքան դուր եկավ հասարակական գիտությունների ներկայացուցիչների մի մասին, որ նրանք որոշեցին, որ այն կիրառելի է նաեւ իրենց ոլորտներում եւ, առաջին հերթին, միջազգային հարաբերություններում: Եթե կենսաբանական միավորը կարող է գոյատեւել բնական ընտրության, գոյության համար պայքարի միջոցով, հակառակ դեպքում կվերանա, ապա նույն օրինաչափությունը կարող է գործել նաեւ պետությունների դեպքում: Ըստ այդմ, ինչպես կենդանիներն են նվաճում նոր տարածքներ եւ «նշում են» դրանք որպես իրենց սեփականը, այդպես էլ պետություններն են նույնն անում: Իհարկե, գռեհիկ է հնչում, բայց, եթե խորը մտածենք, արդյո՞ք, օրինակ, Միացյալ Նահանգները 1845 թվականին դա չեն արել Տեխասի հետ, Խորհրդային Միությունը 1939 թվականին՝ Բալթյան երկրների հետ կամ Ռուսաստանը 2014 թվականին՝ Ղրիմի հետ: Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունն անմիջական կապ ունի կայսրապաշտության եւ գաղութատիրության հետ: Երբ «տարածքի նվաճումը» տեղի է ունենում, դրա համար «միջազգային իրավունքի» տեսանկյունից ինչ-որ հիմնավորում գտնելը մեկից մեկ է: Ինչպես գրում է ամերիկացի քաղաքագետ Ռենդըլ Քոլինզը՝ լեգիտիմությունը գնում է աշխարհաքաղաքականության հետեւից, հաջորդում է դրան. որքան մեծ է (փոքր է) աշխարհաքաղաքական հաջողությունը, այնքան բարձր է (ցածր է) տվյալ երկրի իշխող էլիտայի լեգիտիմությունը:

Ի՞նչն է ժամանակ առ ժամանակ զսպում պետություններին, որ դրանք «շատ չտարվեն» ուրիշ պետություններ եւ տարածքներ նվաճելով: Դա պատմության ինչ-որ հանգույցներում ստեղծվող բալանսն է, որը դրդում է հիմնական խաղացողներին պայմանավորվել: Երբ բալանսը խախտվում է (իսկ դա տեղի է ունենում մշտապես), պայմանավորվածությունները չեն գործում: Այդ «ժամանակավոր բալանսային վիճակը» հաճախ անվանում են աշխարհակարգ, կամ պարզապես՝ համակարգ: Պատմաբանները նշում են Վեսթֆալյան համակարգը (1648 թ.), որն ամրագրել էր եվրոպական երկրների պետական ինքնիշխանությունը: Համակարգը գործեց գրեթե մեկուկես դար, մինչեւ որ Նապոլեոնը խախտեց բալանսը, եւ հաջորդ հանգուցային կետը հանդիսացավ Վիեննական կոնգրեսը (1815 թ.), երբ Նապոլեոնին հաղթած միապետությունները որոշեցին «սրբազան դաշինք» կնքել: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Պրուսիան 1871 թվականին հաղթեց Ֆրանսիային, իսկ այնուհետեւ ստեղծվեց միավորված Գերմանիան՝ նոր եւ շատ ուժեղ խաղացող միջազգային ասպարեզում: Այդ խաղացողը 20-րդ դարում երկու պատերազմ նախաձեռնեց եւ երկուսում էլ պարտվեց: Առաջին պատերազմից հետո կնքվեց Վերսալյան պայմանագիրը (1919)՝ հիմք դնելով համանուն համակարգի: Դրա փլուզումն արդեն իսկ աչքներիս առաջ է. 1991 թիվ՝ Արեւմուտքի հաղթանակը «սառը պատերազմում», «սոցիալիստական ճամբարի» եւ Խորհրդային Միության փլուզումը:

Դրանից հետո առաջացավ 30 տարի առաջ ստեղծված միաբեւեռ՝ ԱՄՆ-ի կողմից «ղեկավարվող» համակարգը, որն այժմ փլուզման եզրին է, եւ պատերազմները՝ Միջին Արեւելքում, Ուկրաինայում, Արցախում դրա դրսեւորումներն են: 1990-ականներին Ռուսաստանն այնքան ուժ չուներ (նկատի ունեմ՝ քաղաքական կշիռը), որ կարողանար իր երկրին միացներ Ղրիմը ու փաստացի իր զորքը մտցնել Ուկրաինա, 2010-ականներին դա ի վիճակի եղավ անելու: Այդ նույն ընթացքում Միացյալ Նահանգները չկարողացավ միայնակ զսպել «Իսլամական պետությանը», եւ նրան անհրաժեշտ եղավ Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը: Մյուս կողմից՝ 1990-ականներին Թուրքիան չէր համարձակվի անմիջականորեն մասնակցել նախկին խորհրդային տարածքում ընթացող պատերազմին, իսկ 2020 թվականին դա կարողացավ անել՝ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ: (Այնպես չէ, որ Ռուսաստանը շատ ուրախ էր այդ հանգամանքից, պարզապես քաղաքական եւ տնտեսական ռեսուրս չուներ Թուրքիայի մասնակցությունը կանխելու):

Օրինակները կարելի է շարունակել, բայց այսքանից էլ պարզ է, որ 1991-ին ստեղծված համակարգը չի գործում, եւ կոնֆլիկտները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ համաշխարհային ու տարածաշրջանային տերությունները կգան որոշակի բալանսի ու ստիպված կլինեն իրար հետ պայմանավորվել: Մասնավորապես, Միացյալ Նահանգները կհասկանան, որ Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ «պատժամիջոցներն» անարդյունավետ են: Այդ երեք տերությունները կասեն իրենց հիմնական խոսքն այդ նոր աշխարհակարգի ստեղծման առումով: Ոչ վճռական ձայնով իրավունք կունենան մասնակցելու նաեւ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, եվրոպական որոշ երկրներ: Թե ինչպիսին կլինի այդ աշխարհակարգը, մեզ՝ հայերիս, ցավոք, ոչ ոք չի հարցնելու՝ ճիշտ այնպես, ինչպես վրացիներին եւ ադրբեջանցիներին (վերջիններս դեռեւս հաղթանակի էյֆորիայի մեջ են):

Բայց այնպես չէ, որ մեր պետության ճակատագրում մեզնից ոչինչ կախված չէ: Մենք կարող ենք ճիշտ կողմնորոշվել, ինչպես որ դա արեցինք 1991-ի փլուզման ժամանակ: Կարող ենք եւ սխալվել: Առայժմ հակված եմ երկրորդ տարբերակին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031