Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ Շիրակի փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Հովհաննես Զորաբյանը։
Նա բավական հարուստ կենսագրություն ունի․ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նոր փոխմարզպետը ևս մասնագիտությամբ բժիշկ է, 33 տարեկան է։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ վիրաբույժ է նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Նորանշանակ պաշտոնյան ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որից հետո անդադար կրթվել է․ մասնագիտացել է կլինիկական օրդինատուրայի «Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն», այնուհետ «Համաճարակաբանություն» մասնագիտությունների մեջ։
Կարդացեք նաև
2020-2021թթ.-ին էլ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի «Առողջապահության կառավարում և վարչարարություն» առկա մագիստրատուրայում։
Նրա կենսագրականից պարզ է դառնում, որ երիտասարդ պաշտոնյան հաճախակի է մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դասընթացներին ու զորավարժություններին՝ որպես դաշտային հոսպիտալի բժիշկ- համաճարակաբան կամ դաշտային հոսպիտալի օպերատիվ բաժնի ղեկավար։
Նա աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես բժիշկ-համաճարակաբան, նաև ՀՀ Պաշտպանության նախարարության տարբեր ծառայություններում։
Նախքան Շիրակի փոխմարզպետի պաշտոնում նշանակվելը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Փոխմարզպետը արժանացել է նաև պետական պարգևների, մասնավորապես 2020թ. սեպտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի հրամանագրով ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով, իսկ 2021թ. ապրիլի 14-ի ՀՀ նախագահի հրամանագրով պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Նա 44 օրյա պատերազմի ընթացքում մեկ շաբաթով մեկնել է Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ ապահովելով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ընթացակարգերի կատարումը։
Հովհաննես Զորաբյանի կենսագրականի մեջ տեղ է գտել նաև անգլերենի լեզվի իմացության մասին տող, մասնավորապես նշված է, որ 2018թ. Բրիտանական խորհրդի կողմից անցկացված անգլերեն լեզվի դասընթացների ավարտին իրականացված թեստավորման արդյունքում նրան տրվել է վկայական, որն ունի միջազգային ճանաչում։
Նշենք, որ նորանշանակ փոխմարզպետն ավարտել է Գյումրիի հեղինակավոր կրթօջախներից մեկը՝ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, որի շրջանավարտների մեծ մասն ազատ խոսում է անգլերեն։ Այս դպրոցի շրջանավարտներից շատերը ճանաչված թարգմանիչներ ու դիվանագետներ են։
Այսպիսով, Շիրակի մարզն ունեցավ երկու փոխմարզպետ, նրանցից մեկը փորձառու զինվորական Պողոս Աբրահամյանն է, որը նշանակվել էր անցած տարեվերջին և որի առաքելությունը մարզում աշխարհազորային ստորաբաժանումների ստեղծումն է, համալրումն է։
Հովհաննես Զորաբյանի լուսանկարերը՝ նրա ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ