Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում միանձնյա իշխանություն չի ձևավորվի, ավագանու կազմում էլ կլինեն 5 քաղաքական ուժեր․ Լևոն Բարսեղյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2021 21:40

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ Գյումրիում միանձնյա իշխանություն չի ձևավորվի, և հինգ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն ավագանու կազմում։ Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին, մասնակցում են տաս քաղաքական ուժեր։

«Որևէ մեկը քվեների կեսից ավելին չի ստանա և միանձնյա իշխանություն չի ձևավորվի, դժվար է պատկերացնել։ Իհարկե, շատերը ջանում են դա անել»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Իսկ նման կարծիք հայտնելու համար հիմք հանդիսացել են «Հայրաքաղաք» դաշինքի անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունները։

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ չունի «դաբրո», բոլորն ընդդիմություն են, մինչդեռ երկու քաղաքական ուժեր՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և ՔՊ-ն, որի թեկնածուն մարզային իշխանության ղեկավար Հովհաննես Հարությունյանն է, ունեն վարչական ռեսուրսներ, լծակներ, վտանգ չկա՞, որ կօգտագործեն դրանք, Լևոն Բարսեղյանն ասաց․ «Ընդհանրապես գործող իշխանություններն աշխարհի ցանկացած երկրում ունեն մրցակցային որոշակի առավելություն, որը պայմանավորված է իրենց գործունեությամբ և ունեցած պաշտոնական դիրքով։ Սա անխուսափելի է, նույնիսկ այն երկրներում, որտեղ առավելագույն ժամկետներ են սահմանված պաշտոնավարման, ասենք ԱՄՆ-ի նախագահի համար, երկու ժամկետից ավելի չի կարող։

Հասկանալի է, որ անձամբ ինքը չի մրցում, բայց իր վարչական կազմը ունի մրցակցային առավելություն, որն անխուսափելի է, դա շրջանցել չես կարող: Սա մի բան է, այլ բան է, երբ հնարավոր են վարչական միջոցների չարաշահումներ։ Օրինակ՝ աշխատանքային ժամանակը օգտագործել քարոզարշավի կազմակերպման համար կամ հենց քարոզաշավի համար, ասենք, ֆեյսբուքում մի հատ լայքել կամ մի փոստ տեղադրել աշխատաժամին, էլ չեմ ասում այն ճնշումները, որոնք քրեականացվել են մեր Քրեական օրենսգրքով։ Ինչպես գիտեք, մոտ 20 քրեական գործ կա այդ մասով, ոչ միայն վարչական ռեսուրսի, այլ կաշառքի։

Վարչական դիրքը մի բան է, չարաշահումն այլ բան է։ Եվ երբ ես ասել եմ և կրկնում եմ, որ «դաբրո» չկա, որևէ մեկը չունի այդ «դաբրոն», ի նկատի ունեմ այն այլանդակ ավանդույթները, երբ թեկնածուն գալիս, ասում էր՝ Երևանում «դաբրո» եմ ստացել գլխավոր իշխանությունից, կամ համապետական ընտրություններում նախագահացուն լուրեր էր տարածում, որ կրեմլից է «դաբրո» ստացել։ Այսինքն՝ մյուսներդ քաշվեք մի կողմ։

Այս դեպքում չկա նման բան և հաշվի առնելով մեր ուսումնասիրությունները՝ մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ համարձակությամբ կրկնեմ, որ որևէ մեկը չի կարող այս ընտրություններում ստանալ քվեների կեսից ավելին։ Սա նշանակում է, որ բոլորը պոտենցիալ ընդդիմություններ են։ Ընտրություններից հետո կարիք կլինի՝ առավել քվեներ հավաքած խմբակցությունները, մանդատների թվով ասենք 7, 8, 10, 12, 13 և այլն, բանակցեն իրար հետ՝ կոալիցիոն կամ մերձկոալիցիոն համաձայնության գան, որպեսզի քաղաքային իշխանություն ձևավորեն»։

Լևոն Բարսեղյանի հետ զրուցել ենք նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսախցիկներ չլինելու, տեսանկարահանումներ չիրականացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, ցուցապաստառներ չփակցնելու, «Հայրաքաղաք» դաշինքի նախընտրական ծրագրի մասին։

Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031