Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը»

Հոկտեմբեր 05,2021 19:01
hyd

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ

 

ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։

Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագոր­ծություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել  է Հարավային Կովկասը մտցնել աշխարհա­քաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրու­թյունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարա­կումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։

ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների  ճանապարհով  շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031