Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեծ հաճույքով և ուրախությամբ եմ հիշում 2018 թվականին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որտեղ Դուք ընտրվեցիք Գլխավոր քարտուղար, և Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Կարծում եմ, որ այդ առումով 2019 թվականին շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ունեցանք: Ցավոք, կորոնավիրուսի համավարակն ազդեցություն ունեցավ նաև մեր կազմակերպության աշխատանքների և մեր նախագահության վրա և ստիպված եղանք մի շարք միջոցառումներ չեղարկել: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:
Կարդացեք նաև
Մեր հանդիպումների ժամանակ ասել եմ, կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք լիովին աջակցում ենք Ձեր՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նախանշած բարեփոխումների կուրսին և, իհարկե, կշարունակենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել նաև մեր նախագահությունից հետո բարեփոխումների Ձեր որդեգրած կուրսին: Կրկին ողջունում եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել»:
ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին ասել է.
«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ Ձեզ անձամբ կրկին տեսնելու համար: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել պատերազմի ընթացքում, շատ ցավում էի: Ե՛վ կազմակերպությունը, և՛ անձամբ ես շատ ջերմ ենք ընդունում Հայաստանը, և մեզ համար շատ դժվար էր հետևել Հայաստանի համար այդ ծայրահեղ դժվարին իրավիճակին, ուստի ուրախ էի, որ կարողացա այն ժամանակ խոսել Ձեզ հետ և ուրախ եմ, որ այժմ կարող եմ արդեն անձամբ գտնվել այստեղ:
Պարոն վարչապետ, թույլ տվեք Ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկու պատճառով: Նախևառաջ, իհարկե գրավոր նամակագրությամբ արել եմ, բայց կցանկանայի այժմ անձամբ շնորհավորել Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Այդ հաղթանակը շատ կարևոր էր երկու առումով՝ նախ անձամբ Ձեզ համար և հայ ժողովրդի համար, որը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ուստի սա շատ մեծ հաղթանակ է ժողովրդավարության և հայ ժողովրդի համար: Երկրորդ առումով՝ մեզ համար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար, որն ունի նաև քաղաքական առաքելություն, մասնավորապես՝ աջակցել երկրներին ժողովրդավարության հարցում: Ուրախ էինք, որ հրավիրվել էինք ականատես լինելու այդ գործընթացին և կարողացանք մեր կազմակերպության առաքելության շրջանակում դիտորդ հանդիսանալ այդ ընտրություններին: Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:
Ձեզ շնորհավորելու երկրորդ պատճառը, և Դուք հիշատակեցիք դա՝ Հայաստանի նախագահությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որը դուք հիանալի եք իրականացրել՝ և՛ դուք, և՛ Ձեր ներկայացուցիչը՝ դեսպան Տեր-Ստեփանյանը այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը, և կազմակերպության վերափոխման պայմաններում: Դուք կարողացել եք մասնակցել մի շարք որոշումների կայացմանը, որոնք կարևոր էին մեր կազմակերպության համար Ձեր՝ Փարիզ կատարած այցից հետո: Պարոն դեսպանը նաև քաղաքական հանձնաժողովի անդամ է և մասնակցում է մտորումների խմբի, որի նպատակն է պատկերացնել կազմակերպության ապագան, այսինքն՝ կարող եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք պատվով եք կատարել նախագահության այդ բարդ աշխատանքը»:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության թեմայի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը և երախտագիտություն հայտնել ՖՄԿ Գլխավոր քարտուղարին՝ 2020թ. աշնանը մեր երկրին, հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և համերաշխության համար: Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է ՖՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:
Վարչապետը կարևորել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ ՖՄԿ դիտորդական առաքելության մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը և առաջ եկած մարտահրավերներին: Արծարծվել են ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Երկուստեք կարևորվել են ՀՀ դպրոցներում, բուհերում, պետական ծառայողների շրջանում ֆրանսերենի դասավանդման խորացումը, երիտասարդության շրջանում կրթական նախաձեռնությունների իրականացումը, որոնք կապող օղակ կհանդիսանան ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների միջև:
Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարություններով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ