Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարբերաբար գտնվում է Գորիսում եւ ՔՊ-ի թեկնածուի նախընտրական քարոզն է տանում:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Արմեն Խաչատրյանը Գորիսում եւ հարակից համայնքներում մեկ մլրդ դրամի աջակցություն է տրամադրել. «Այն բանի համար, ինչի համար կալանավորված են ե՛ւ Առուշ Առուշանյանը, ե՛ւ Մենուա Հովսեփյանը, եւ հետապնդվում է Իրինա Յոլյանը, այսինքն՝ աջակցելու եւ խոստանալու համար, հիմա մեկ մլրդ դրամ, ինքը Գորիսում եւ հարակից գյուղերում առաջարկում է աջակցություն: Բա սա ի՞նչ է, ինչո՞ւ հենց հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը: Իրենց կարելի՞ է այդպիսի բաներ անել: Այս հարցերի պատասխանը գլխավոր դատախազը պետք է տա»:
Ընդդիմադիր պատգամավորը չգիտե, թե ինչ ծրագրի շրջանակում է իշխանական պատգամավորը աջակցություն խոստանում համայնքներին: Հիշեցնում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ կես միլիարդ դրամ մուտքագրվեց Սյունիքի զարգացման հիմնադրամ, եւ հայտնի չէ, թե ինչպես է այն ծախսվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ