Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ դեկտեմբերի համաձայնագրով, ո՛չ էլ հունվարի 11-ի հայտարարությամբ՝ քարտեզների հարց երբեւէ չի շոշափվել. Բագրատ Եսայան

Հոկտեմբեր 05,2021 17:50

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքին, թե ինքը պատրաստ է հայ գերիների դիմաց ականապատ տարածքների քարտեզները տրամադրել Ադրբեջանի նախագահին՝ ասաց. «Որեւէ պայմանավորվածություն, ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ դեկտեմբերի համաձայնագրով, ո՛չ էլ հունվարի 11-ի հայտարարությամբ՝ քարտեզների հարց երբեւէ չի շոշափվել: Իսկ գերիների հարցն ամրագրված է հենց նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթում, եւ առ այսօր հարեւան երկրի դիկտատորը, երեք ղեկավարների ստորագրությամբ ամրագրված իր պարտավորությունը չի կատարել: Իսկ սա, մինչեւ այսօր այդ դավաճանությունը, որը սկսվեց սեպտեմբերի 27-ին, շարունակում է»:

Բագրատ Եսայանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջան բացելու մտադրությունը մի նպատակ ունի՝ բացել Հայաստանի թրքացման, Հայաստանի եւ Արցախի հայաթափման դարաշրջանը:

«2018-ի մայիսի 8-ից այդ դարաշրջանը սկսվել է Հայաստանում եւ արդեն երեք ու կես տարի է՝ շարունակվում է: Եվ հետեւողականորեն տանում է Հայաստանի թրքացմանը: Նրան սնել եւ մեծացրել է առաջին նախագահը եւ նրա արատավոր շրջապատը»,-ասաց պարոն Եսայանը:

Բագրատ Եսայան կարծում է, որ ներկայում մենք շատ խորը ճգնաժամի մեջ ենք. «Մեր ժողովրդի մի հատվածի համար պետականություն, հայրենիք, հայրենասիրություն ասվածը որեւէ արժեք իրենից չի ներկայացնում: Այն վարքագիծը, որը դրսեւորվեց հունիսի 20-ի ընտրություններով, ուղղակի պետականություն մերժող մի հասարակության հավաքական վարքագիծ է»:

Ըստ Եսայանի՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրերը կարելի է վիժեցնել, երբ համազգային դիմադրություն լինի՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կողմից. «Եթե որեւէ փաստաթուղթ նա ստորագրի, այդ թուղթը որեւէ արժեք չի ունենալու, որովհետեւ հայ ազգը չի ընդունելու դավաճան ղեկավարի կողմից ստորագրած որեւէ թղթի կտոր, որը կվտանգի մեր հայրենիքի գոյությունը»:

Նրա խոսքով՝ արդեն նոյեմբերին ունենալու են համազգային դիմադրության հանրահավաքներ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031