Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դատարանը վաղուց արդեն այն դատարանը չէ, որը կարող է արդարադատություն իրականացնել»․ Արմեն Գեւորգյանի պաշտպան

Հոկտեմբեր 05,2021 16:46

Այսօր Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարության մեկնարկին, Գեւորգյանի նոր պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից հավելյալ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց՝ դատարանը բավարար ժամանակ է տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, այնուամենայնիվ, դատարանը եւս մեկ շաբաթ կտրամադրի փաստաբանին, որպեսզի լիարժեք ծանոթանա նյութերին։

Թեեւ դատարանը լրացուցիչ ժամանակ տվեց փաստաբանին, սակայն Լուսինե Հակոբյանը պնդեց՝ դա ողջամիտ ժամկետ չէ, եւ ինքը չի կարող լիարժեք ծանոթանալ մեծ ծավալի նյութերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Լուսինե Սահակյանն ասաց՝ դատարանը շարունակում է անհիմն որոշումներ կայացնել։ Փաստաբանն ասաց, որ գործի նյութերը 128 հատոր են, դրանց ծանոթանալու համար տրամադրվեց ընդամենը մեկ շաբաթ, հանրագումարային՝ երկու շաբաթ․ «Եթե որեւէ խելամիտ մարդ կարող է 128 հատորին ծանոթանալ երկու շաբաթում, որն ընդամենը տասը աշխատանքային օր է, ես նման հնարավորություն չունեմ։ Դատարանը կատարում  է գործողություններ, որոնք չեն բխում քրեական դատավարության օրենսդրությունից եւ այս դատարանը, կարծում եմ, վաղուց արդեն այն դատարանը չէ, որը կարող է արդարադատություն իրականացնել»։

Ինչ վերաբերում է դատարանի այսօրվա որոշմանը՝ Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքի սահամանափակումները վերացնելու վերաբերյալ, փաստաբանը նշեց․ «Մեր մեջբերած փաստաթղթերում հստակ նշվում է, որ որեւէ անդամ երկիր իրավունք չունի խոչընդոտելու ԵԽԽՎ ներկայացուցչի ազատ տեղաշարժման իրավունքը եւ դատարանը գտավ, որ յուրաքանչյուր դեպքում առանձին կքննարկի այդ հարցը, ինչը շատ լուրջ հարց է, եւ կարծում եմ, որ ՀՀ-ի համար լուրջ հետեւանքներ ունեցող որոշումներ են, որովհետեւ իրավունք չունի որեւէ պետություն կամ պետության դատարան, կատարել գործողություններ, որոնք կարող են վտանգել անձեռնմխելիությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031