Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Մեղրին դարձել է գլոբալ, աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը. Խոսրով Հարությունյան

Հոկտեմբեր 05,2021 16:36

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը բացեց բոլոր խաղաքարտերը եւ բոլորը սկսեցին բաց խաղալ: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով, այդ խաղացողները ոչ միայն տարածաշրջանային երկրներն են, այլեւ՝ ոչ տարածաշրջանային՝ Իսրայելը, Բրիտանիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Պակիստանը:

«Ցավոք, անհրաժեշտ ջանք չգործադրվեց՝ ռազմական հնարավոր զարգացումները կանխելու համար: Ակնհայտ է, որ արցախյան երկրորդ պատերազմով որեւէ մեկը բավարարված չէ: Բավարարված չէ Թուրքիան, որովհետեւ, դե ֆակտո, դե յուրե Թուրքիան դուրս մնաց անկյունաքարային պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից:

Նոյեմբերի 9-ի պայմանավորվածության մեջ Թուրքիան չկար եւ Ռուսաստանին հաջողվեց զինադադարին հասնել բացառապես սեփական ռազմաքաղաքական ազդեցության շնորհիվ: Թուրքիան ավելին էր սպասում՝ քան ստացավ, թեեւ պետք է արձանագրել, որ այսօր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն ավելին է, քան մինչեւ սեպտեմբերի 27-ը, բայց այն չէ, որ կուզեր Թուրքիան»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, բավարարված չէ նաեւ Իրանը: Նրա խոսքով, Իրանը վրիպեց, երբ փորձում էր այս պատերազմում չեզոք դիրք բռնել. «Մենք մտնում ենք տարածաշրջանային զարգացումների մի նոր փուլ: Երկրորդ արցախյան պատերազմի արդյունքում, որպես այդպիսին, ստատուս քվո չի ձեւավորվել: Աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան կայուն չէ, որովհետեւ բոլոր շահագրգիռ կողմերը բավարարված չեն ձեռքբերումներով: Պատերազմից հետո հաղթած պետությունները, անընդհատ, անցկացնում են զորավարժություններ, ինչի՞ մասին է խոսքը: Նրանք ցուցադրում են իրենց մկանները: Ակնհայտորեն նրանք ներկայացնում են իրենց հավակնությունները»:

Խոսրով Հարությունյանը համոզված է, որ Թուրքիայի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից եւ մեկուսացնել Իրանին: Հիմնական նպատակն է՝ Իրանի՝ դեպի Սեւ ծով ելքը, Հայաստանի միջոցով կասեցնել. «Եթե Իրանին զրկում են Հայաստանով դեպի Սեւ ծով դուրս գալ, ապա, նրան մղում են Թուրքիայով դուրս գալ, ինչը, Իրանի համար, սարսափելի ծանր է»:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, եւ մի անզգույշ քայլը կամ արտահայտությունը կարող է կրակ վառել տարածաշրջանում, քանի որ Թուրքիան էլ Իրանի հետ սահմանին զինտեխնիկա է կուտակել՝ ի պատասխան Իրանի՝ Նախիջեւանի սահմանին կուտակած զինտեխնիկայի:

Այդուհանդերձ, Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Թուրքիան գիտակցում է այն սահմանաչափը, որը չպիտի անցնի, իսկ Ռուսաստանն էլ դիտորդի կարգավիճակով չի նստի. «Նա չի կարող թույլ տա, որ իր հարավային սահմաններում տեղի ունենան գործընթացներ՝ իր հետ ուղղակիորեն հաշվի չնստելով»:

Ըստ Հարությունյանի՝ «Մեղրիի միջանցք» տերմինը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հորինված, մտացածին է, եւ միտումնավոր դրվել է շրջանառության մեջ, որ միջազգային հանրության գիտակցության մեջ աստիճանաբար ընկալվի. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ օգտագործված է «Լաչինի միջանցք» տերմինը, բայց, արեւմտյան Ադրբեջանի  շրջանները Նախիջեւանին միացնելու մասին օգտագործված է՝ «տրանսպորտային հաղորդակցության ուղիներ» տերմինը: Սա պատահական չի արված: Միջանցքն, իր մեջ պարունակում է էքստերիտորիալ կարգավիճակ: Այսինքն, սովորական ճանապարհից տարբերվում է միջանցքի կարգավիճակը: Ամբողջ մտահոգությունն այն է՝ արդյոք մենք կհամաձայնե՞նք թուրք-ադրբեջանական կոնցեպտին՝ դարձնել էքստերիտորիալ մի տարածք, թե՝ ոչ: Եվ Իրանի մտահոգությունը դա է: Իրանը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը Իրանի համար Սեւ ծով, հետեւաբար, եվրոպական շուկա դուրս գալու լավագույն տարբերակն է, քաղաքական եւ աշխարհաքաղաքական առումով բացարձակապես անվտանգ, դրա համար Իրանը չի կարող զիջել եւ չի զիջել»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, այսօր Մեղրին դարձել է գլոբալ, աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031