Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»․ «Ալիք Մեդիա»

Հոկտեմբեր 05,2021 17:04

Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ:

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան ես ստանալու: Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»:

Նոբելյան մրցանակի առաջադրվելու մասին տեղյակ չեն եղել ո՛չ Արտեմը, ո՛չ ընտանիքը: Երեկ կեսգիշերն անց՝ ժամը երկուսին, Նոբելյան կոմիտեից զանգահարել են ԱՄՆ՝ Փաթափությանի ծնողների բնակարան, լուրը հաղորդել: Ծնողները թեեւ լավ տիրապետում են անգլերենին, բայց չեն հասկացել, թե գիշերվա կեսին ինչ են խոսում հեռախոսի մյուս ծայրում: Անջատել են, նորից են զանգել: Երբ Արտեմի անունը լսել են, տվել են նրա տան հեռախոսահամարը: Ծնողները բնակվում են Լոս Անջելեսում, Արտեմը՝ Սան Դիեգո քաղաքում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ Արտեմ Փաթափությանը ստացել է բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի այս տարվա մրցանակը:

«Շատ մեծ հպարտություն է մեզ համար, ուրախություն, հուզմունք: Ծնողներս, մեր բոլոր հարազատները, բարեկամները, ընկերները բնականաբար նույնպես ուրախ են»,- մեզ հետ զրույցում ասում է Հուրի Փաթափությանը, որ եղբոր հետ դեռեւս շատ կարճ է հասցրել խոսել, սպասում է՝ եղբայրը մի փոքր ազատվի շնորհավորանքների հեղեղից: Փոխարենն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ, որոնք նույնպես անդադար հեռախոսազանգեր են ստանում:

Արտեմ Փաթափությանի հայրը սփյուռքահայ գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ փոխադրվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Մտավորական ընտանիքում մեծացել են ուսմանը նվիրված երեք երեխաներ: Արտեմ Փաթափությանի եղբայրը՝ Արան, նույնպես գիտնական է, համակարգչային գիտությունների դոկտոր: Քույրը պատմում է, որ նա էլ բազմաթիվ հեղինակավոր գիտական մրցանակներ է ստացել: «100-ից ավելի գյուտերի հեղինակ է, նրա հետազոտությունները կիրառվում են նշանավոր համալսարաններում եւ փորձագիտական կենտրոններում: Նա դեռ Նոբելյան չի ստացել»,- ծիծաղում է, բայց քրոջ սիրտը վկայում է՝ գուցե մի օր Արան էլ առաջադրվի։

Հուրի Փաթափությանը անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում սիրված ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Չի բացառում, որ գուցե Արտեմն էլ մտածի Հայաստանի հետ ինչ-որ կերպ կապ պահելու մասին:

«Արտեմը Հայաստանում առաջին անգամ եղել է 12 տարեկանում, դեռեւս խորհրդային տարիներին պատանեկան ճամբարի է մասնակցել: 2016-ին Հայաստանի բժշկական համալսարանից հրավիրեցին, իր այս գյուտը, որի համար Նոբելյան մրցանակ ստացավ, դեռ այն ժամանակ ներկայացրեց Հայաստանում, մենք էլ էինք ներկա, շատ լավ ընդունեցին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031