Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են պարտադրանքի տակ». Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 05,2021 16:32

«Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության խաբկանքի մեջ: Մենք չունենք ոչ այն իրավապայմանագրային հենքը, ոչ այն ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում եւ տարածաշրջանում, ոչ այն քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան սահմանների ճշտման ուղղությամբ: Այս իրավիճակում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, նշանակում է՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հնարավոր հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է ավելի շահեկան վիճակում՝ թելադրողի եւ պարտադրողի. «Նա է թելադրում օրակարգը, դա ակնհայտ է, որովհետեւ պատերազմական գործողություններից հետո ստորագրված՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունները պարտադրեցին ՀՀ-ին, որ պատերազմը և կանգնեցվի, և Արցախի մի հատվածը հանձնվի Ադրբեջանին: Բացի այդ, ՀՀ սահմաններից որոշակի ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ անցան Ադրբեջանին»,-ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը հիշեցնում է՝ երբ խոսվում է սահմանների անվտանգության, հետագայում դրանց ճշտման գործընթացի մասին, տարբեր քաղաքացիներ հիշեցնում են վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի հիմնական շեշտը ՀՀ ներքին սահմանային ճշտումներն են, ոչ թե արտաքին. «ՀՀ իշխանությունները պետք է հասկանային, որ մանավանդ Սյունիքի սահմաններում, մենք չպետք է հետ շարժվեինք մեր կանգնած տեղերից: Ալիեւի հոխորտանքները, հռետորաբանությունն ուղղված են նրան, որ պարտադրի ՀՀ-ին սահմանների բացման, ճանապարհների ապաշրջափակման եւ միջանցքի ձեւավորման շրջանակներում կապ հաստատել Նախիջեւանի հետ՝ իրենց հեռահար նպատակների իրականացման համար, հետագայում նաեւ Միջին Ասիա»:

Թե նման դիրքից Հայաստանն ի՞նչ պետք է բանակցի Ադրբեջանի հետ, Սեյրան Օհանյանը չգիտե, հորդորում է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ո՞րն է իր օրակարգը:

«Բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց խաղաղության համար պետք են պայմաններ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է ՀՀ ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն: Այս առումով, Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի ե՛ւ մեր անվտանգության համակարգի ձեւավորման, ե՛ւ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ վերջին տարիների փորձը, վերջին պատերազմը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են պարտադրանքի տակ, մինչդեռ մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել, թելադրանքի ներքո չեն գտնվում, իսկ այդ առումով ՀՀ իշխանություններն այսօր շատ վատ վիճակում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031